Home / Տեսանյութեր / Պահանջում են արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին. մեղադրական ճառը` այսօր

Պահանջում են արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին. մեղադրական ճառը` այսօր

Այսօր ժամը 15.00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը: Նիստի ժամանակ մեղադրական ճառով հանդես է գալու մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, ինչից հետո երիտասարդները ներկայացնեկու են իրենց պաշտպանական ճառերը:

Երիտասարդ ակտիվիստների դատավարության ընթացքում Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք արդարություն» խումբն այդ առիթով հիշեցնում է, որ խմբի ավելի քան 200 անդամները չորս պահանջ են ներկայացրել.

1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին
2. Ազատել Տիգրան Առաքելյանին
3. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը
4. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, ով Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:

ՀԱԿ-ի ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ ոստիկանական բաժնում: