Home / Տեսանյութեր / Բեգլարյանը երթուղային կնստի, եթե առիթ լինի. Դոմինգոյի համերգին չի եղել, բայց կգնա

Բեգլարյանը երթուղային կնստի, եթե առիթ լինի. Դոմինգոյի համերգին չի եղել, բայց կգնա

Տրանսպորտի և կապի ոլորտում անպայման փոփոխություններ են լինելու: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման խոստում է տվել ՀՀ կապի և տրանսպորտի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք նախարարը երթուղային տաքսի նստում է, Գագիկ Բեգլարյանն ասել է, որ  քաղաքապետ աշխատած ժամանակ մի քանի անգամ նստել է և, եթե առիթը լինի, դարձյալ կնստի:

Բեգլարյանը նաև ասել է, որ չի պատրաստվում կառավարության հաջորդ նիստերին շատ նախարարների նման հետնամուտքով փախչել:

«Ժողովուրդ ջան, փախնելը լավ բան չի, մենք ասում ենք` չենք պատասխանում, երբ որ հարցի ժամանակ չկա, կամ կոնկրետ աշխատանքներ այդ պահին կոնկրետ ոլորտում չկան: Էդ հարցերին չենք պատասխանում, իսկ փախչելը լավ չի ոչ մի հարցում»,- հավելել է  Բեգլարյանը:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողները հիշել են նաև Գագիկ Բեգլարյանի քաղաքապետի պաշտոնից հեռանալու փաստը` հարց ուղղելով նրան, թե արդյոք ինքը դարձյալ կգնա Պլասիդո Դոմինգոյի համերգին: Հիշեցնենք, որ 2010 թվականի դեկտեմբերին Գագիկ Բեգլարյանը ՀՀ նախագահի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի է ենթարկել, քանի որ վերջինս Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ խնդրել է Երևանի քաղաքապետի կնոջը փոխել զբաղեցրած տեղը:

«Մեծ սիրով կգնամ, բայց ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել, դուք էդ տեղեկությունն էլ չգիտեք», – այսօր ասել է Բեգլարյանը:

Խոսելով ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին` Բեգլարյանն ասել է, որ նա արժանի քաղաքապետ է, իր լավ մտերիմ ընկերն է ու ինչի կարիք էլ ունենա Մարգարյանը, «Բեգլարյանը նրա կողքին կանգնած է»: