Home / Հայաստան / Օսկանյանն ու անգլո-ամերիկյանը. ինչու են «կռվում» իշխանություններն ու ԲՀԿ-ն

Օսկանյանն ու անգլո-ամերիկյանը. ինչու են «կռվում» իշխանություններն ու ԲՀԿ-ն

Քաղաքական և անգամ թվացյալ քաղաքական դաշտում որևէ մեկի ճաղերի ետևում հայտնվելը հարված է քաղաքական մշակույթին, և այդ իմաստով, անկասկած, անթույլատրելի երևույթ է: Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ճաղերի հետևում հայտնվելու հնարավոր տարբերակին` այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Հիշեցնենք, որ Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը մեղադրվում է գումարներ լավանալու մեջ:

«Շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանն այստեղ տեսնի հստակ համակարգ՝ կապված իր հետ: Ինչպես գիտենք, այդ համակարգի ողնաշարը կազմում էր «Բարգավաճ Հայաստանը», այսինքն՝ ոչ թե այն համակարգի, որը Ռուսաստանի հետ իրական խորքային հարաբերությունների կողմնակից է, այլ՝ որը ներկայացվում է այդպիսին: Ռուսաստանը պետք է շարունակի դա տեսնել, իսկ դա նշանակում է, որ պետք է բախում այդ և այն համակարգի միջև, որը Ռուսաստանը անգլո-ամերիկյան է համարում», – նշել է Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ քանի որ Ռուսաստանն այսօրվա Հայաստանի իշխանական համակարգը համարում է անգլո-ամերիկյան, ապա ԲՀԿ-ի ու անգլո-ամերիկյանի բախումը պետք է հնարավորինս կարծր լինի:

«Որքան կարծր, այնքան ավելի համոզված կլինի Ռուսաստանը, որ ԲՀԿ-ն խաղում է ռուսաստանյան համակարգի դեր», – ասել է Մանուչարյանը և հավելել, որ այս անգամ Օսկանյանի բախտը չբերեց, վաղը՝ մեզանից ցանկացածի:

Մանուչարյանը վստահ է, որ Օսկանյանին հետապնդելու հարցում չկա Ռուսաստանի նախաձեռնությունը և ընդգծել, որ սա պայմանավորված սոսկ Ռուսաստանի գոյությամբ:

«Ընդունենք, թե դուք այստեղ անգլո-ամերիկյան քաղաքականություն պլանավորողն եք, և բոլորը ձեր ձեռքի տակ են՝ պարում են ձեր դուդուկի տակ, բայց դուք գիտեք, որ վաղը մեկը կարող է մտնել ու սկանդալ անելով ամեն ինչ շուռ տալ, դուք ինչ կանե՞ք; Որպեսզի նա նման բան չանի, դուք ցույց եք տալիս, որ այս դահլիճի կեսը նրա հետ կապված մարդիկ են ու կպաշտպանեն նրա շահերը, հետևաբար դուք աշխատում եք, որ այդ բանը լինի ու դուք միշտ հրամցնեք: Դրա համար դուք պետք է ցույց տաք, որ դահլիճի երկու կողմերն իրար հետ կռվում են, պայքարի մեջ են», – եզրափակել է Մանուչարյանը: