Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է Զեյթունի բնակիչների բողոքի քննումն ընդդեմ «Մեկ մահակ» ընկերության, որը ստացել է թույլտվություն Սուրենյանի այգին կառուցապատելու համար:
Բնակիչները բողոքում են, որ Սուրենյանի այգում ծառեր են արմատախիլ արվել, ցանկապատներ են տեղադրվել և առաջիկայում նախատեսվում են գրասենյակ կամ ռեստորան կառուցել, սակայն հանրային լսումներ չեն կազմակերպել, բնակիչներին տեղյակ չեն պահել:
Դատավոր Ալվարդ Հունանյանն այսօր դադարեցրել է դատավարությունը և գնացել այգի՝ տեղում անձամբ համոզվելու, որ ծառերն արմատախիլ են արվել: Վերադառնալով դատարան` դատավորը մերժել է «Մեկ մահակ» կազմակապերության միջնորդությունը կամ թույլ տալ շարունակել շինարարությունը, կամ քաղաքացիներին պարտադրել փող հավաքել և փոխհատուցել կառուցապատողի ծախսերը:
Epress.am-ի հետ զրույցում քաղաքացի Գոհար Հայրապետյանն ասել է, որ Զեյթունի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են քաղաքապատարան, սակայն ստացել են պատասխան, թե ամեն ինչ արվել է օրենքի համաձայն:
«Մենք չենք ուզում, որ միակ չապականված վայրը, որտեղ խաղում են մեր երեխաները և հանգստանում մեր ծերերը, վերածվի հերթական փոշոտ շինհրապարակի: Չենք ուզում, որ կտրվեն ծառերը և տեղը հերթական անճաշակ շենքը կառուցվի` իր պարիսպներով, օխրաննիկներով, ավտոկանգառով ու հարակից այլ կառույցներով»,- ասել է Գոհար Հայրապետյանը:
Գործով հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 20-ին: