Եվրո-2012-ի կիսաեզրափակիչներում հանդիպել էին B և C խմբերից դուրս եկած թիմերը: Երկու դեպքում էլ հաղթեցին C խումբը ներկայացնող հավաքականները. Իսպանիան` Պորտուգալիային, Իտալիան` Գերմանիային:
Եվ եթե Իսպանիա-Պորտուգալիա հակամարտությունը բավականաչափ ձանձրալի ստացվեց, Իտալիան և Գերմանիան հետաքրքիր և ակտիվ ֆուտբոլ խաղացին: Իտալացիները մրցակցին հաղթեցին տակտիկապես: Հանդիպման մեկնարկին նրանք ընդունեցին Գերմանիայի առաջարկած բաց ֆուտբոլ, և ավելի հաջող գտնվեցին: Փայլեց Մարիո Բալոտելին, ով երկու տպավորիչ գոլի հեղինակ դարձավ:
Ընդմիջման ընթացքում գերմանացիների մարզիչ Յոախիմ Լյովը սկսեց ուղղել իր սխալները: Նա առաջին խաղակեսում նախապատվությունը տվել էր Լուկաշ Պոդոլսկուն` պահեստայինների նստարանին պահելով Հունաստանի հավաքականի հետ հաջող հանդես եկած Մարկո Ռոյսին: Բացի Ռոյսից, Լյովը խաղադաշտ մտցրեց նաև Միրոսլավ Կլոզեին՝ Մարիո Գոմեսի փոխարեն, և առջևում սրությունը մեծացավ: Դրվագներից մեկում վտանգավոր տուգանային իրացրեց Մարկո Ռոյսը, սակայն փայլուն խաղաց Բուֆոնը, ով հետ մղեց գնդակը, և այն, անդրադառնալով դարպասի ուղղահայաց ձողից, դուրս եկավ դաշտի սահմաններից:
Վերջին 15 րոպեների ընթացքում Գերմանիան ամբողջ թիմով առաջ էր նետվել, իսկ Իտալիան շատ լավ օգտագործում էր ազատ գոտիները: Իտալացիներն առնվազն 3 շատ լավ գոլային պահ չօգտագործեցին, իսկ 2-րդ ավելացված րոպեին Մեզուտ Օզիլը 11-մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը: Վերջին վայրկյաններին գերմանացիների կազմում հարձակման էր միացել նաև Մանուել Նոյերը, սակայն դա էլ չօգնեց Լյովի թիմին` 1:2:
Եզրափակիչ խաղից առաջ ֆավորիտ է համարվում Իսպանիան: Թեև թիմի խաղը չի տպավորում, սակայն իսպանացիներն առայժմ անխոցելի պաշտպանություն ունեն: Այս առաջնությունում նրանք ընդամենը մեկ գնդակ են բաց թողել… Իտալիայից:
Իսպանիայի ընտրանին Եվրոպայի և աշխարհի առաջնությունների փլեյ-օֆ փուլերում գոլ բաց չի թողնում 2008 թվականից` 9 խաղի ընթացքում:
Այնուամենայնիվ, Իտալիան այսօր ունակ է պարտության մատնել իսպանացիներին: Թիմը թեև անխոցելի չէ, բայց լավ կազմակերպված է և հմտորեն կառավարվում է մարզչի` Չեզարե Պրանդելիի կողմից: Բացի դա, ակնհայտ է, որ Իտալիայի հավաքականում շատ լավ մթնոլորտ է ձևավորել, ինչը շատ կարևոր նախապայման է:
Իսպանիան, իր հերթին, պետք է փորձի չխաղալ նույն ոճով, ինչպես դա արեց Ֆրանսիայի և Պորտուգալիայի դեմ խաղերում, այն է` չորացնելով խաղը: Դել Բոսկեի թիմն ունի բավականաչափ ներուժ հարձակվողական ֆուտբոլ ցուցադրելու համար, այլ հարց է, թե արդյոք մարզիչը կցանկանա դա անել: