Այսօր Եվրոպական Միությունը երկու նոր պայման է դնում Հայաստանի առջև. մեկը Ղարաբաղի խնդրի լուծման արագությունն է, երկրորդը՝ նախագահական ընտրություններից առաջ որոշակի քայլեր, որոնք պետք է հաղթահարեն այն խնդիրները, որոնք ստեղծվել են ԱԺ ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող, ԱԺ ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Սա նշանակում է, պարզ լեզվով ասած, հետևյալը` Հայաստանը տապալել է քննությունը միջազգային դեմոկրատական հանրության առջև: Հայաստանի իշխանությունները չմարսեցին զանգավածային կեղծիքները, որոնք տեղի են ունեցել 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ: Սպասվում էր, որ ԱԺ ընտրությունները պետք է անցնեին համապատասխան Հայաստանի իշխանությունների խոստումների, սակայն այդպես չեղավ: Փաստորեն այն պայմանը, որով ԵՄ-ն պայմանավորում էր կոնֆերանսի կազմակերպումը, խախտվել է: Ի դեպ, ԵՄ-ին շատ դժվար է մեղադրել այս հարցում, որովհետև բնական է, որ կենսական անհրաժեշտություն էր Հայաստանւոմ լեգիտիմ և ժողովրդի առջև հաշվետու իշխանության ձևավորումը, ոչ ոք չի կարող այսպիսի միջոցներ` խոսքը գնում է մոտ 2 միլիարդ դոլարի մասին, տրամադրել մի իշխանությանը, որը ընտրված չէ ժողովրդի կողմից և հաշվետու չէ նրա առջև»,- ասել է Զուրաբյանը:
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ առաքելության գնահատականը, ըստ էության, որակազրկել է Հայստանի ընտրությունները` որպես ԵԱՀԿ-ի պարտավարություններին հակասող, ինչի հտեևանքով ԵՄ հետաձգել է Կոնֆերանսի կազմակերպումը: Իսկ Ղարաբղի հարցի արծարծումը, Զուրաբյանի խոսքով, արդեն դառնում է նոր պայման, որը դրվում է իշխանությունների առաջ:
«Ստացվում է հետևյալը` իշխանությունները նախընտրեցին՝ ի հաշիվ Ղարաբաղի և Հայաստանի զարգացման ծրագրի, կեղծել ընտրությունները, և դրա համար նրանք պետք է պատասխան տան մեր ամբողջ ժողովրդի առջև»,- ասել է ՀԱԿ համակարգողը: