Նախագահական ընտրություններում ներկա ռեժիմին հաղթելու համար պետք է կենտրոնանալ այնպիսի թեկնածության վրա, որը ունի ամենամեծ կոնսոլիդացիոն ներուժը: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նրա խոքով՝ նման թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է:
«Ես այլ հավասար ֆիգուր չեմ տեսնում, որը կարող է կոնսոլիդացնել ամբողջ ընդդիմադիր դաշտը, բայց սա իմ էքսպերտային գնահատականն է:
Բնականաբար, ՀԱԿ-ում դա բոլորը կիսում են: Բայց նորից եմ ասում, դա չի նշանակում, որ մենք այսօր պետք է որոշումներ ընդունենք, դա անլուրջ կլինի: Էն ուժերը, որ այսօր որոշում են ընդունել, դա անլուրջ է: Էն ուժերը, որ այսօր մեր անունից հայտարարություններ են անում, թե ինչպես պետք է վարվենք, դա անլուրջ է»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Նրա խոսքով՝ շատ բնական է, որ եթե առաջիկա աշնանը լինեն նպաստավոր պայմաններ, ամենաառաջնային թեկնածուն ՀԱԿ-ի առաջադրման համար կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը:
Զուրաբյանը չի բացառել, որ այլ ուժեր ևս կսատարեն Լևոն Տեր-Պետրոսյանին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը սատարելուն, ապա Զուրաբյանն ասել է. «Ես հնարավոր եմ համարում, որ բոլոր ուժերը, որոնք ընդդիմանում են Սերժ Սարգսյանի բռնապետության դեմ, կարող են համախմբվել միասնական թեկնածուի շուրջ, և շատ հավանական եմ համարում, որ այդ միասնական թեկնածուն կլինի Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի այն հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջդրվի առաջիկա նախագահական ընտրություններում, իսկ ընդդիմադիր դաշտը, հնարավոր է, սատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, Զուրաբյանն ասել է, որ վերջին շրջանում «Ժառանգության» ներկայացուցիչներն իրենց են վերագրել Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակների դերը:
«Ես իրենց խորհուրդ կտայի այլ աշխատանք փնտրել, այլ աշխատանքում կարող է հաջողվեն»,- ասել է ՀԱԿ համակարգողը: