Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի ծնունդը «քաղցրացրին» (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

Սերժ Սարգսյանի ծնունդը «քաղցրացրին» (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)

«Արտ-լաբորատորիա» արվետսագետների խմբի անդամներն այսօր կեսօրին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 58-ամյակի կապակցությամբ նախագահի նստավայրի մոտ սպիտակ տորթ են բերել, որի վրա կարմիր կրեմով ցանկություն էր գրված` «Հեռացիր»:

Նախագահականի մոտ նրանք որոշել են չերգել ավանդական անգլիական շնորհավորական երգը, քանի որ երեկ երեկոյան մահացել էր հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:

Արվեստագետները երկու-երեք րոպե լուռ կանգնել են նախագահի նստավայրի մոտ և հեռացել են` տորթը թողնելով դարպասների դիմաց:

Նստավայրի մոտ հերթապահող ոստիկանությունը միանգամից չի արձագանքել կատարվածին: Ոստիկանական մեքենայից երկու ոստիկաններ են դուրս եկել, վազքով մոտեցել են ակցիայի մասնակիցներին, տեսել են տորթը, ապա կրկին գնացել են մեքենայի մոտ, ինչ-որ մեկի հետ կապվել են ռացիայով: Նրանցից մեկը հանել է տեսախցիկը և սկսել է նկարահանել: Արվեստագետներին նրանք չեն խանգարել, Սերժ Սարգսյանն այդ պահին նստավայրում չի եղել:

Այնուհետև ոստիկանները պահանջել են հետ տանել տորթը: «Նվերը հետ չեն վերցնում», – պատասխանել են արվեստագետները:

Այդ գործընթացին հետևում էին մի քանի անցորդներ, ովքեր կանգնում էին և սկսում էին հեռախոսներով նկարահանել տորթը:

Ոստիկանությունը սպասել է մինչ բոլորը կհեռանան և նվերը տեղափոխել է ընդունարանի մուտքի մոտ:

Մի քանի րոպե անց երկու իրավապահներ հասել են հեռացող արվեստագետներին և հետաքրքրվել են, թե ումից է նվերը:

««Արտ-լաբորատորիայի» կողմից», – պատասխանել են արվեստագետները` հավելելով, որ տորթը «իսկական և ուտելու է` բիսկվիտ կրեմով 40 հոգու համար»: Երիտասարդները ոստիկաններին առաջարկել են փորձել տորթը, նրանք շնորհակալություն են հայտնել և հեռացել են:

Tekali Taxi