Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» խմբի անդամները այսօր երեկոյան ժամը 21:00-ին պատրաստվում են Ավան վարչական շրջանում գտնվող, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի։
«Այս ակցիան նպատակ ունի ցույց տալու մեր բոլորիս վճռականությունը և կամքը, որ մենք անտարբեր չենք լինելու նման անօրինությունների ու ինքնադատաստանի երևույթի նկատմամբ: Մենք պայքարելու ենք այնքան, որ բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն, և ՀՀ քաղաքացին մեր երկում իրեն զգա պաշտպանված և անվտանգ, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում: Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ: Մեր մասնակցությունը սոլիդարության և ապագայում նման դեպքեր բացառելու հարց է»,- նշված է խմբի հայտարարության մեջ:
Facebook-յան օգտատերերից Ծովինար Նազարյանն էլ առաջարակել է Վահե Ավետյանի նկարով պաստառ տպել և այն տանել «Հարսնաքար»:
Պաստառի վրա գրված է. ««Հարսնաքարի» հացն ուտողներին. ահա իմ մարմինը, առե’ք, կերեք»: Ի նշան բողոքի` սոցիալական ցանցի բազմաթիվ օգտատերեր իրենց անձնական էջերի գլխավոր նկարը փոխարինել են Վահե Ավետյանի նկարով:
Հիշեցնենք, որ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել է երեկ` 19:00-ի սահմաններում: Նրան ընկերների հետ հունիսի 17-ին ծեծի էին ենթարկել «Հարսնաքար» համալիրում ռեստորանի անվտանգության աշխատակիցների կողմից, որոնց թվում նաև Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամն էր: