Հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ:
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` դեպքի վայր մեկնած ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մարտական հաշվարկը տեղում զինվորական պայուսակում հայտնաբերել են երկու նռնակ, փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ:
Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:
Ժամը 07:25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` պայուսակը «Հարսնաքար» է բերել Հայաստանի ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, ով սպառնացել է պայթեցնել շենքը:
Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» մոտ հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը հունիսի 29-ին մահացել է: Նրա հիշատակին երեկ ռեստորանի մոտ հարյուրավոր քաղաքացիներ մոմավառություն էին կազմակերպել: