Հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր երեկ մոմավառություն էին կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ` ի հիշատակ հունիսի 17-ին ռեստորանի մոտ դաժան ծեծի ենթարկված և հունիսի 29-ին հիվանդանոցում մահացած բժիշկ Վահե Ավետյանի, այսօր հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ:
Ակցիայի մասնակիցները նախ հավաքվել էին Սիրահարների այգու մոտ, որտեղ պատ կազմած ոստիկանները թույլ չէին տալիս իրենց անցնել նախագահականի մայթ: Ոստիկանները ակտիվիստներին հորդորել են անցումով անցնել ճանապարհը, սակայն դրանից հետո էլ արգելել են ակտիվիստներին, ովքեր համաձայնել են երթով անցնել նախագահականի մոտով, մոտենալ այնտեղ և անգամ քաշքշել են ակտիվիստներից մի քանիսին: Հավաքվածները, այնուամենայնիվ, դուրս գալով փողոցի երթևեկելի հատված, հասել են նախագահական` «Սերժիկ, մարդասպան», «Նեմեց` սրիկա, վիժվածք», «Օլիգարխների ոստիկան» վանկարկումներով:
Նախագահականի մոտ ելույթ ունեցավ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նշեց, որ Վահե Ավետյանի սպանությունը հետևանք է այն բանի, որ երկրում տիրող ամենաթողության դեմ ժամանակին համարժեք քայլեր չեն ձեռնարկվել: Գասպարին հիշեցրել է Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի դեպքերը, որոնք անպատասխան մնացին:
Գասպարիի խոսքով` Սերժ Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանն այսօր Հայաստանում չեն, մեկնել են Ուկրաինա` ֆուտբոլ դիտելու,սակայն այսօր այստեղ են ոստիկանները, որոնք հանդիսանում են հանցաշխարհի պաշտպանները:
Այս պահին ակցիայի մասնակիցները, որոնց թվում են նաև «Ժառանգության», «Դաշնակցության», «Հայ Ազգային Կոնգրեսի» ներկայացուցիչներ, երթով շարժվում են Բաղրամյան պողոտայով:
Ազգային Ժողովի մոտ ելույթ է ունեցել «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, ով նշել է, որ այս ամենի սկիզբը դրվել է մարտի 20-ին, երբ Հանրապետականները որոշեցին թիվ 1 ընտրատարածքում առաջադրել Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը: Սանասարնանի խոսքով` այսօր իրենք ունեն մեկ պահանջ` Ազգային Ժողովից դուրս վռնդել Նեմեց Ռուբոյին, Լֆիկ Սամոյին և նրանց նմաններին:
Ազգային Ժողովից հետո ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ՀՀ դատախազություն, սակայն, հասնելով դատախազության շենքի մոտ, հայտարարել են, որ այս կառույցից արդարադատություն պահանջել չեն պատրաստվում:
«Մեր երկրում տեղի ունեցած անարդարությունների երաշխավորը նաև այս կառույցն է (նկատի ունի Դատախազությունը – Epress.am): Մենք էս կառույցից բան չենք պահանջում: Միայն մի բան կարող ենք ասել` մեզ հանցագործներ մի դարձրեք: Մենք ՀՀ քաղաքացիներ ենք և ուզում ենք ապրել օրինապաշտ երկրում և ունենալ օրինապաշտ ղեկավարներ, որը, ցավոք, չունենք»:
Դատախազության շենքի մոտ ելույթ է ունեցել նաև ՀԱԿ-ի պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ով ասել է, որ հպարտ է այսօրվա ակցիայով, քանի որ նման կերպ կարելի է վերջ տալ օլիգարխների բեսպրեդելին:
«Այսքան մարդ եթե ուղղակի ինքնաբուխ ընդվզում է և դուրս է գալիս իշխանութունների դեմ բողոքելու, կարելի է հպարտանալ»:
Զուրաբյանը պատմել է, որ երեկ իրեն լրատվամիջոցներից մեկը հարց է ուղղել, թե արդյոք ինքը չի պատրաստվում պաշտպանել իր գործընկեր, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Զուրաբյանի խոսքով` Հայրապետյանն իր գործընկերը չէ, քանի որ պատգամավոր է դարձել ոչ ժողովրդի քվեով:
Դատախազությունից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ լուռ հարգել են Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Անցնելով Իտալիայի դեսպանատան կողքով` նրանք կոչ են արել մուտքի արտոնագրեր չտրամադրել Ռուբեն Հայրապետյանին ու նրա նմաններին:
Այս պահին ակտիվիստները` «Սերժի թուլեք» վանկարկումներով, հասել են Կառավարության շենքի մոտ, որտեղ պատրաստվում են ավարտել ակցիան:
Հավաքվածները նշել են, որ մտադիր են դիմել ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներին, որպեսզի վերջիններս ԱԺ-ում բարձրացնեն Ռուբեն Հայրապետյանին` պատգամավորական մանդատից զրկելու հարցը, ինչպես նաև զրկեն նրան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: