Home / Հայաստան / Չեմպիոնական հեթ-տրիկ. Իսպանիայի ճանապարհը դեպի ֆուտբոլային անմահություն

Չեմպիոնական հեթ-տրիկ. Իսպանիայի ճանապարհը դեպի ֆուտբոլային անմահություն

2012 թվականի հուլիսի 1-ին Իսպանիայի ազգային  հավաքականը վերջնականապես հարթեց իր ճանապարհը դեպի ֆուտբոլային անմահություն՝ աննախադեպ հաջողության հասնելով:

Իսպանիան դարձավ առաջին թիմը, որը հաղթանակներ է տոնել երկու Եվրոպայի և մեկ Աշխարհի առաջնություններում անընդմեջ:

Հաշվի առնելով Իտալիայի հավաքականի հաջող խաղը կիսաեզրափակիչում Գերմանիայի ընտրանու դեմ՝ մասնագետներից շատերը բարձր էին գնահատում նրանց հնարավորությունները մինչ եզրափակիչ տպավորիչ խաղ չցուցադրած իսպանացիների հետ խաղում:

Սակայն սկսվեց խաղը, և իսպանացիները միանգամայն այլ տեսքով ներկայացան: Նրանք ակտիվ էին, կարողանում էին հարձակման փուլում ավելի վճռորոշ գործել՝ Պորտուգալիայի հետ հանդիպման  համեմատ:

Առաջին խաղակեսում խաղադաշտում մեծ հաշվով հավասար խաղ էր ընթանում, սակայն իսպանացիները կես աստիճան բարձր էին երևում անհատական վարպետության առումով և մեկ աստիճան կարգով:

Գուցե հենց այդ կարգն ու փորձն օգնեցին Իսպանիայի հավաքականին երկու պահ օգտագործել՝ 14-րդ րոպեին Դավիդ Սիլվան գլխի հարվածով եզրափակեց Սեսկի փոխանցումը, իսկ 41-ին Չավին հարվածի դուրս բերեց Խորդի Ալբային:

Երկրորդ կեսի առաջին 20 րոպեներին մի քանի դրամատիկ իրադարձություն տեղի ունեցավ: Նախ՝ մրցավար Պեդրու Պրոենսան 11-մետրանոց չնշանակեց ի օգուտ իսպանացիների, երբ գնդակը դիպավ Լեոնարդո Բոնուչիի ձեռքին, ապա փոխարինման դուրս եկած Անտոնիո Դի Նատալեն մոտ տարածությունից հարված կատարեց, սակայն ֆանտաստիկ «սեյվի» հեղինակ դարձավ Իկեր Կասիլյասը: Հանդիպման ելքը վճռվեց 64-րդ րոպեին, երբ ազդրի մկանը ձգեց և խաղից դուրս մնաց Տիագո Մոտան, ով նոր էր խաղադաշտ դուրս եկել: Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելլին այլևս փոխարինման հնարավորություն չուներ, և իտալացիները մնացին 10 հոգով: Բացի դա, նրանք ավելի հոգնած էին երևում, քանի որ Իսպանիայից մեկ օր քիչ էին հանգստացել:

Դել Բոսկեն խաղադաշտ մտցրեց թարմ ֆուտբոլիստների՝ Պեդրոյին, Ֆերնանդոն Տորեսին և Խուան Մատային: Վերջին երկուսը մեկական գոլ հեղինակեցին՝ ամրագրելով հանդիպման վերջնանական հաշիվը՝ 4:0:

Իտալիան, իհարկե, արժանի չէր նման հաշվով պարտության, սակայն Իսպանիան, անկասկած, արժանի էր Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:

Յուրատեսակ չեմպիոնական հեթ-տրիկը բացառիկ է նաև այն առումով, որ հաղթանակած երեք մրցաշարերի փլեյ-օֆ փուլերի 10 խաղերում Իսպանիան ոչ մի գոլ բաց չի թողել՝ խփելով 14 գնդակ:

Իսպանիան ավագ Իկեր Կասիլյասը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից ստացավ ու բարձրացրեց գավաթը՝ անմահացնելով իր թիմին: Բրավո, Իսպանիա, բրավո:

Լուսանկարները՝ Reuters և Getty Images