ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը աշնանը կանխատեսում է ներքին, արտաքին, քաղաքական, սոցիալական և ներպետական վերադասավորումներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանուկյանն ասել է, որ, ելնելով վերոնշյալ վերադասավորումներից, շարժումը նոր որակով կշարունակվի:
Խոսելով ներպետականը վերադասավորումների մասին` ՀԱԿ-ական պատգամավորն ասել է, որ դա կախված է լինելու է այն ամենի հետ, ինչի հետ ամեն օր շփվում ենք` գների թանկացում, արտագաղթ, կոռուպցիայի ահավոր աճ, հարկերի չհավաքում, բյուջեի անմխիթար վիճակ:
«Ես կարծում եմ` աշնանը կարող են մեծ թափ ստանալ ռեգիոնալ պրոցեսները, մասնավորապես, կապված հայ-թուրքական սահմանի բացելու, Ղարաբաղի հետ: Տարածաշրջանում լարումը ուժեղանում է, Թուրքիա-Սիրիա հարաբերությունները, ռեգիոնի բոլոր օջախները թեժանում են, և, բնականաբար, Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ պրոցեսներից: Ոչ միայն չի կարող, այլ մեր չընտրյալ իշխանությունները պարտք ունեն տալու էդ նշածս խնդրիների շուրջ, որովհետև էդ չընտրվելը (նկատի ունի կեղծիքներով իշխանության գալը) իրենց համար ավանս էր, որը պետք է վերադարձվի: Ռեգիոնալ խնդիրները լուծելու միջազգային ուժային կառույցների պայմաներին պետք է արձագանքեն և արձագանքեն այնպես, ինչպես կհրահանգեն այդ ուժային կառույցները: Մասնավորապես, այդ ճնշման միջոցներից մեկը Բրյուսելում անհաջողություններն էին», – ասել է Արամ Մանուկյանը` նկատի ունենալով, որ եվրոպական կառույցներն առայժմ հրաժարվել են Հայաստանի համար դոնորների հավաք կազմակերպել: