Home / Տեսանյութեր / ՀՀ ՊՆ-ն վիրահատված զորակոչիկի խնդիրները հաշվի չի առել. հայտարարություն

ՀՀ ՊՆ-ն վիրահատված զորակոչիկի խնդիրները հաշվի չի առել. հայտարարություն

Հունիսի 27-ին բանակ զորակոչված և ներկայումս Լեռնային Ղարաբաղում գտնվող Արմեն Օհանյանի իրավունքները խախտվել են: Այս մասին տեղեկացնում է  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը` տարածած հայտարարության մեջ ներկայացնելով Օհանյանի գործի պատմությունը:

2011 թվականի գարնանը՝ սպորտային պարապմունքների ընթացքում ծնկային հատվածի խաչաձև կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ անցել է բուժզննություն Նորք-Մարաշի օրթոպեդիկ բժշկական կենտրոնում:

2011թ. մայիսի 17-18-ը նրա մոտ ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, ծնկոսկրի գերշարժունություն, վիճակ տարած հեմարթրոզից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով»: 2011թ. հուլիսի 19-ին նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, վիճակ կոնսերվատիվ բուժումից հետո, ֆունկցիայի աննշան խանգարումով»:

2011թ. նոյեմբերին Օհանյանին ուղարկել են վիրահատման Էրեբունի բժշկական կենտրոնում: Բուժզննում անցնելուց հետո հաստատվել են նախկին ախտորոշումները, սակայն վիրահատությունը սկսելուց հետո, բացահայտվել է, որ նրա մոտ առկա է «Աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանի վնասում: Արթրոսկոպիկ վիրահատությունից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարում»:

Ըստ զորակոչիկի՝ վիրահատությունը եղել է անարդյունավետ. նրա մոտ առկա խնդրի հետ կապված որևէ միջամտություն այլևս անհնար է եղել, քանի որ, ըստ բժիշկների, արդեն բավականին ուշ է եղել, նրա մոտ կտրված է եղել աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանը, որը սակայն որևէ հետազոտման ժամանակ պարզված չի եղել: Բժիշկները նաև բացառել են հետագայում Արմեն Օհանյանի սպորտով զբաղվելը:

Մի քանի ամիս անց՝ 2012թ. փետրվարին, Օհանյանին կրկին անզամ կանչել են բժշկական հետազոտության, որը տեղի է ունեցել Գյումրիում: Այնտեղ ներկա են գտնվել զորակոչիկի առողջական խնդիրներին տեղյակ բժիշկները: Այնտեղ Օհանյանը չի անցել որեւէ բժշկական զննություն: Տեղյակ լինելով նրա առողջական խնդիրների մասին՝ նրան անմիջապես տրամադրել են զորակոչից 9 ամիս տարկետում, սակայն 2012թ. մայիսի 11-ին Օհանյանը ծանուցում է ստացել Վանաձորի զինկոմիսարիատից: Նա ներկայացել է զինկոմիսարիատ, որտեղ ներկա է եղել նույն բժիշկը: Այս անզամ ևս Օհանյանը չի ենթարկվել բուժզննության, և նրա վիճակը գնահատվել է նորմալ: Օհանյանի բողոքներին ուշադրություն չեն դարձրել՝ պնդելով, որ պետք է գնա զինծառայության:

2012 թվականի մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Օհանյանի առողջական վիճակի համալիր հետազոտության իրականացման, առողջական վիճակի պարզաբանման և զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հարցին վերջնական լուծում տալու նպատակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որին դեռեւս որևէ պատասխան չի տրվել՝ չնայած այն հանգամանքին, որ գրությանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները արդեն լրացել են:

2012 թվականի հունիսի 8-ին Վանաձորի զինկոմիսարիատից այցելել են Արմեն Օհանյանի բնակարան և հայտնել, որ զինկոմիսարիատը սխալվել է Արմեն Օհանյանին բանակ զորակոչելու հարցում և ավելացրել, որ չեն զորակոչի բանակ և  կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հետազոտության՝ հետագա բուժման նպատակով:

Այնուամենայնիվ, Արմեն Օհանյանը ստացել է ծանուցում՝ Գյումրիում անցկացվելիք կենտրոնական բժշկական հետազոտությանը 2012 թ. հունիսի 22-ին ներկայանալու համար, որին ներկա է եղել նաև նրա վիրահատություն կատարած բժիշկը: Վերջինս հայտնել է, որ ինքը ծանոթ է Օհանյանի խնդրին: Սակայն առանց որևէ հետազոտություն իրականացնելու երիտասարդին 2012թ. հունիսի 27-ին զորակոչել են պարտադիր զինվորական ծառայության և ներկայումսնա  գտնվում է Լեռնային Ղարաբաղում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հաշվի չի առնվել Օհանյանի առողջական խնդիրները, մասնավորապես, ոտքի շրջանում ցավերի առկայությունը, որը ավելի սուր արտահայտվում է քայլելուց, երկար ժամանակ կանգնելուց, եղանակի փոփոխությունից:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ պաշտպանական գերատեսչությունից պահանջում է Արմեն Օհանյանի առողջական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել համարժեք գործողություններ:

Արմեն Օհանյանի առողջական վիճակի վատթարացման և դրա հետևանքների առաջացման համար ողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ պաշտպանության նախարարությունը», – եզրափակում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը: