Home / Հայաստան / Հայաստանը պահպանում է Ադրբեջանի հետ ուժային հարաբերակցությունը. Սեյրան Օհանյան

Հայաստանը պահպանում է Ադրբեջանի հետ ուժային հարաբերակցությունը. Սեյրան Օհանյան

Հրահրելով սահմանային ընդհարումներ և ապակայունացնելով զինադադարի ռեժիմը` Ադրբեջանի նպատակն է խանգարել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացին` ստեղծելով լարվածություն, Հայաստանին դրդել պատասխան գործողությունների, այնուհետև տարածել ստահոդ լուրեր, մեղքը բարդել հայկական կողմի վրա՝ խուսափելով պատասխանատվությունից։ Այս մասին «Հայ զինվոր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ընթացքը ակնհայտորեն ձեռնտու չէ Ադրբեջանին, պաշտոնական Բաքուն խուսափել և խուսափում է ձեռքբերված պայմանավորվածություններից՝ բանեցնելով զանազան հնարքներ, խաթարելով զարգացումների բնականոն ընթացքը։ Այդ հնարքներից մեկն էլ սահմանային ընդհարումներ հրահրելն է։ Ադրբեջանն օգտագործում է ռազմական «հռետորաբանության» ողջ զինանոցը՝ սպառազինության մրցավազք, դիպուկահարների պայքար առաջնագծում, սահմանային բախումներ, ստեղծելով խնդրի բանակցային կարգավորման անհնարինության պատրանք և ձախողելով վերջնական հանգուցալուծումը։ Միակողմանի փոխզիջումներ ստանալու Ադրբեջանի ակնկալիքը անհեթեթ է, չերաշխավորված և անհնար», – ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Օհանյանը նշել է, որ միջազգային արձագանքը կարող էր ավելի խիստ ու կտրուկ լինել` թույլ չտալով Ադրբեջանին ոտնահարելու միջազգային ընդունված չափանիշները։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ սխալ կլինի ասել, թե միջազգային արձագանքը միանգամայն անտարբեր էր Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների հանդեպ։

«Եղան քննարկումներ, քննադատություն։ Բայց, ակներև է, որ մենք ավելի խիստ ու դատապարտող արձագանք էինք ակնկալում, որովհետև Ադրբեջանը դիվերսիոն գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքից տեղափոխեց Հայաստան`   ստեղծելով անհանդուրժելի նախադեպ», – հայտարարել է Օհանյանը։

Պատասխանելով այն հարցին, թե այսօր Ադրբեջանին սանձելու ի՞նչ քայլեր են ձեռնարկվում` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ մինչ օրս Հայաստանի պատասխանը եղել է ոչ համաչափ, և Ադրբեջանն ունեցել է 5 անգամ ավելի մեծ կորուստներ։

«Ցավոք, կրակոցներ լինում են ամեն օր։ Մենք այդ կրակոցները բացատրում ենք ադրբեջանցի զինվորների փորձառության պակասով (գուցե ինչ-որ ձայներ լսելով փորձում են ինքնապաշտպանվել, վախից են կրակում), քանի որ այդ կրակոցները անհասցե են, անկանոն, անիմաստ։ Մենք դրանց, բնականաբար, չենք պատասխանում։ Իսկ նպատակաուղղված գործողություններին և դիպուկ կրակոցներին արագ արձագանքման խմբերը տալիս են խիստ պատասխան՝ հակառակորդին պատճառելով մարդկային և նյութական կորուստներ բազմապատիկ գերազանցությամբ», – նշել է Օհանյանը։

Թերթի թղթակիցը հարց է ուղղել Սեյրան Օհանյանին, թե արդյոք Հայաստանը խնդիր ունի շփման գծի որոշ հատվածներում վերացնել Ադրբեջանի դիրքային առավելությունը, քանի որ, խախտելով զինադադարի ռեժիմը, նրանք չեն խնայում նույնիսկ խաղաղ բնակչությանը, անգամ ոտնձգություններ են կատարում երեխաների դեմ։

«Այո’, որոշ տարածքներում ադրբեջանական դիրքերն ավելի բարձր են տեղակայված, և հնարավորություն ունեն գնդակոծելու հայկական տարածքները։ Այո’, ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, երբեմն ոտնձգություն է անում խաղաղ բնակչության դեմ։ Սակայն «Ադրբեջանին դիրքային առավելությունից» զրկելու մտահղացումը, փաստորեն, պատերազմ սկսելու նախաձեռնություն է։ Այն սահմանները, որոնք հաստատվել են զինադադարից մինչ օրս, չեն փոխվել և չեն փոփոխվելու։ Կան տարածքներ, որտեղ գյուղացիների մշակվող հողերը մեր դիրքերից առաջ են, և գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելը բնավ էլ անվտանգ չէ մարդկանց համար։ Մենք փորձել ենք լուծել խնդիրը, և զինծառայողների պարեկությունը պաշտպանում է սահմանային տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց։ Սակայն պիտի անկեղծորեն ասեմ, որ լիարժեք պաշտպանության մասին խոսք լինել չի կարող»,- պատասխանել է Օհանյանը։

Նախարարը նաև անդրադարձել է պատերազմի վերսկսման հավանականությանը` նշելով, որ որքան էլ Ադրբեջանն այսօր խոսի իր բանակի հզորությունից, բանակի կատարելագործման համար ծախսվող գումարներից և հոխորտա՝ առասպելներ պատմելով իր բանակի մարտունակության մասին, Հայաստանն առանց բարձրագոչ հայտարարությունների պահպանում է ուժային հարաբերակցությունը՝ առաջին հերթին  «զորքերի մարտունակության, առաջնագծում հմուտ գործողությունների, ինժեներական կառույցների մշտական կատարելագործման և բազմաթիվ այլ հուսալի նախադրյալների շնորհիվ»։