Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, պետք է պատասխանատվություն կրեն «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու արդյունքում սպանված Վահե Ավետյանի դեպքի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Վահե Ավետյանի մահը ողբերգություն է: Այլ կերպ բնութագրել հնարավոր չէ, երբ բանակի սպան, բժիշկը, ընդհանրապես սովորական մարդը իր հանգստյան պահին այնպիսի դաժան ծեծի է ենթարկվում, որ կյանքն է կորցնում: Դժվար է իսկապես բառեր գտնել ոչ միայն նրա հարազատներին, այլև անգամ մեզ՝ Վահեին չճանաչողներին սփոփելու համար: Բնականաբար, այս օրերին բոլորս փորձում ենք այս ամենի բացատրությունը գտնել, փորձում ենք հասկանալ, թե որոնք են պատճառները, որ կարող են նման երևույթներ ծնել:
Ես հիշեցի Վացլավ Հավելի «Ամառային մեդիտացիա» հոդվածը, որտեղ նա հետևյալ միտքն էր արտահայտել. «Մարդիկ ունեն այն քաղաքական գործիչներին, որոնց արժանի են: Սա մասամբ է ճիշտ: Քաղաքական գործիչներն իրոք իրենց հասարակությունների հայելին են և ինչ-որ տեղ հասարակության պոտենցիալի մարմնացումը: Պարադոքսալ է, բայց հակառակը նույնպես ճիշտ է: Հասարակությունն է իր քաղաքական գործիչների արտացոլումը, որովհետև հիմնականում քաղաքական գործիչներն են որոշում, թե որ ուժերն են ազատ, որոնք՝ վերահսկելի, ինչպես նաև ընտրում՝ ինչի վրա հենվել՝ քաղաքացու լավագույնի, թե վատագույնի:
Ես ամբողջությամբ համաձայն եմ Հավելի այս մտքի հետ և համոզված, որ ինչպես պատմությունն է վկայում, հասարակության առողջությունը և արժեհամակարգը կախված են նաև նրանից, թե առաջնորդները և համակարգն ինչ են խրախուսում կամ մերժում, ինչպիսի օրինակ են ծառայում և թե ովքեր են շրջապատում նրանց:
Իրոք, նրանք կարող են հասարակության մեջ հավասարապես արթնացնել ատելություն, էգոիզմ, ամենաթողություն, անարդարություն կամ հակառակը՝ հանդուրժողականություն, արդարություն և հարգանք: Հետևապես, ինչպես Հավելն ինքն է եզրափակում, «բոլոր նրանք, ովքեր մտնում են քաղաքականություն, բարձր պատասխանատվություն են կրում հասարակության բարոյական վիճակի համար, և նրանց պարտքն է հասարակության ներսում գտնել լավագույնը՝ այն սնելու և զարգացնելու համար»»,- գրել է Վարդան Օսկանյանը: