Home / Հայաստան / Մարզերում Վահե Ավետյանի սպանության դեպքից տեղյակ չեն

Մարզերում Վահե Ավետյանի սպանության դեպքից տեղյակ չեն

Տարօրինակ է, որ Վահե Ավետյանի դաժան սպանությունից հետո հասարակությունում հիշվում է միայն Պապլավոկում Պողոս Պողոսյանի սպանության դեպքը` որպես թիկնապահների ամենաթողության և անպատժելիության օրինակ, քանի որ իրականում նման դեպքերի կարելի է ականատես լինել ամեն օր: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ով երեկ մասնակցում էր նախագահի նստավայրի մոտ մեկնարկած ակցիային:

«Բարեբախտաբար, մամուլը ակտիվ էր այս անգամ, սակայն մարզերում, որտեղ  ինտերնետը լայն տարածում չունի, մարդիկ այս դեպքերից տեղյակ չեն: Այս ակցիաները Վահեի հիշատակի համար ավետում են, որ այլևս անհնար է դիմանալ, դիմանալը իմաստ չունի: Այս ակցիաներին մասնակցողները գիտակցում են, որ հաջորդ սպանվողը մեզնից յուրաքանչյուրը կարող է լինել, և մտածում են, ինչպես պաշտպանել  իրենց»,-  Epress.am-ի հետ զրույցում ասել է Խառատյանը:

Ակցիայի մասնակից, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի մեղավորներին» խմբի նախաձեռնողներից Արթուր Մինասյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ի վերջո գոնե Վահե Ավետյանի դեպքը պետք է նախադեպ ստեղծի նման դեպքերի արդար քննության և մեղավորների պատժելու:

Ըստ մեր զրուցակցի` անկախ դատավարության հույսեր չկան, քանի որ ոստիկանությունը չի քննում գործը ինչպես հարկն է. նախ՝  տուժածների խոսքով` իրենց ծեծել են 15-20 հոգով, մինչդեռ կալանավորված է 6 մարդ, ոստիկանությունը չի քննում այն վարկածը, որ Ռուբեն Հայրապետյանը եղել է ռեստորանում ծեծի ժամանակ, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն էլ իր հարցազրույցով կարծես պաշտպանում է Հայրապետյանին:

«Այն որ 6 հոգի են ձերբակալվել, ցույց է տալիս, որ ոստիկանությունը կամ իմպոտենտ է և չի կարողանում հայտնաբերել բոլոր մեղավորներին, կամ հայտնաբերում է, բայց չի կալանավորում: Մենք պահանջում ենք, որպեսի «Հարսնաքար» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին զրկեն պատգամավորական մանդատից, քանի որ նա ունի անձնական շահագրգռվածություն միջամտել գործի ընթացքին»,- ասել է Մինասյանը:

Տեղեկացնենք, որ այսօր՝ ժամը 12:30-ին, մի շարք քաղաքացիներ հավաքվելու են Զեյթուն թաղամասի շուկայի մոտ և երթով շարժվելու են դեպի Վահե Ավետյանի տուն:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, ովքեր մտահոգված են տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը բազմիցս ահաբեկած և այս արատավոր համակարգի հետ սերտաճած հանցագործ օլիգարխներին օրենքի իշխանությանը ենթարկելու ու օրենքի ամբողջ ուժով արդարությունը վերականգնելու համար, այլևս չենք հանդուրժելու այդ հանցագործներին հովանավորող պետական իշխանության անգործությունը: Մենք ինքնակազմակերպվելով անհաղթահարելի ուժ ենք դառնալու և մեր հետևողական գործողություններով քայլ առ քայլ հասնելու ենք օրենքի գործադրմանը, հանցավոր համնակարգին սերտաճած Նեմեցին և նրա բուծած ստահակներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկմանը, ինչպես նաև նրա բարոյական ու ֆինանսական սնանկացմանը»,- ասված է նախաձեռնողների հայտարարության մեջ:

Վահե Ավետյանի հուղարկավորւթյան կազմակերպման հանրային հանձնաժողովում ընդգրկված են.

1.      Ժաննա Ալեքսանյան, լրագրող

2.      Անահիտ Բախշյան, մանկավարժ

3.      Լիլիթ Գալստյան, քաղաքագետ

4.      Վարդգես Գասպարի, քաղաքացիական ակտիվիստ

5.      Աշոտ Գևորգյան, ֆիզիկոս

6.      Կարո Եղնուկյան, իրավաբան, գործարար

7.      Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

8.      Նազարեթ Կարոյան, արվեստաբան

9.   Կարինե Հակոբյան, հրապարակախոս

10. Արսեն Համբարյան, երգիչ, երգահան

11. Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր

12.  Նվարդ Մանասյան, դասախոս

13. Վահրամ Մարտիրոսյան, գրող, հրապարակախոս

14. Զարուհի Մուրադյան, նկարիչ

15. Եղիա Ներսիսյան, բնապահպան

16. Գարեգին Չուգասզյան, համակարգային վերլուծաբան

17. Արծրուն Պեպանյան, վերլուծաբան, լրագրող

18. Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ