Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժանաբար ծեծի ենթարկվելու արդյունքում սպանված Վահե Ավետյանի հուղարկավորությունը:
Թաղմանը մասնակցել են սպայի սպանությունը դատապարտող և «Հարսնաքարի» դեպքերի բոլոր մեղավորների պատիժը պահանջող Facebook սոցիալական ցանցում ստեղծված խմբի անդամները, արվեստագետներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, այլ քաղաքացիներ:
Վահեին հարգանքի տուրք մատուցելու էին եկել, ՀՀԿ-ից բացի, բոլոր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ` ՀԱԿ-ից` Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից` Բագրատ Եսայանը, «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Երեկ Ավետյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ներկա է եղել ՕԵԿ-ական, Պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Այսօր թաղմանը ներկա էին նաև դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող- հրապարակախոսներ Լիզա Ճաղարյանը և Մարինե Պետրոսյանը, դերասան Սոս Սարգսյանը, արվեստի քննադատներ Նազարեթ Կարոյանը և Վարդան Ազատյանը, «Սարդարապատ» նախաձեռնության անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, այլք:
Թաղման մասնակիցներից մի քանիսը ասում էին, որ այսօր առավոտյան Վահե Ավետյանի հարազատներին ցավակցելու է եկել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Թաղման թափորի շարժվելուց հետո մի քանի կանայք հարձակվել էին թափորն ուղեկցող զինվորականների վրա` մեղադրելով նրանց կատարվածի մեջ, ոմանք էլ սկսել են պաշտպանել զինվորականներին: Բացի դա, երբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն անցել է մեքենայով, հավաքվածները սկսել են վանկարկել` «Ամոթ»: Մարդիկ զինվորականներից և հոգևորականներից պահանջում էին միանալ թաղումից հետո մեկնարկող բողոքի ակցիայինև երթին, որը պետք է շարժվեր դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք:
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև հայտարարել են, որ պատրաստվում են ևս մեկ ակցիա կազմակերպել չորեքշաբթի, ժամը 10:00-ին Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ այդ օրը ԱԺ բոլոր խմբակցությունները հանդիպելու են Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բողոքողները պահանջելու են Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորական մանդատից: