Հայ Ազգային Կոնգրեսն ունի առաջնորդ, և ՀԱԿ-ի շարժումը խարսխված է այդ առաջնորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը` պատասխանելով այն հարցին, թե ով է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն 2013 թվականի նախագահական ընտրություններին կամ արդյոք հնարավոր է միասնական թեկնածու այլ ուժերի հետ:
Այնուամենայնիվ, Մանուկյանը նշել է, որ որոշումներ կայացնելը կլինի աշնանը տեղի ունեցող «անխուսափելի վերադասավորումներից հետո»:
«Չեմ տեսնում ուրիշ թեկնածու, որը կարող է այնքան համախմբող դեր ունենալ, որքան Լևոն Տեր-Պետրոսյանը: Ես կարծում եմ` վաղ է խոսել ընդդիմության միասնական թեկնածուի մասին, կոնկրետություններից, կոնկրետ անձերի առաջադրումներից, դա միայն ցանկությունների ոլորտից է ունենալ մեկ թեկնածու: Եթե բոլորը ընդունեն այդ թեկնածուին, որպես իրենց թեկնածու, լավ է այդ տարբերակը, ցանկալի տարբերակ է, բնականաբար, այդ դեպքում հեշտանում է և ընդդիմության վիճակը և ժողովրդի վիճակը, առավել ևս ժողովուրդը չի ընկնի մոլորության մեջ», – ասել է Մանուկյանը: