Home / Հայաստան / Օմբուդսմենը Վահե Ավետյանի սպանության մասին. «Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»

Օմբուդսմենը Վահե Ավետյանի սպանության մասին. «Այստեղ երկու կարծիք լինել չի կարող»

Վահե Ավետյանի հետ տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ հայաստանյան հասարակության մեջ վախերի հավասարակշրությունը խեղված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

«Փոխանակ իշխանավորները, նրանց թիկնապահները վախենան օրենքի առջև կանգնելուց և քրեական պատասխանատվության ենթարկվելուց, վախենում են քաղաքացիները: Վախենում են, որ կզրկվեն իրենց աշխատանքից, որ չեն կարողանա կերակրել իրենց երեխաներին, որ այսօր ստացած իրենց թոշակը կարող է վերջինը լինել», – ասել է ՄԻ պաշտպանը:

Ցավակցություն հայտնելով Վահե Ավետյանի հարազատներին՝ Կարեն Անդրեասյանն ասել է, որ այս գործի հետ կապված ինքը որևէ հայտարարություն չի հրապարակել այն պատճառով, որ ՄԻ պաշտպանը հայտարաությամբ է հանդես գալիս, երբ հարցը վիճելի է լինում: Այս դեպքում, Անդրեասյանի խոսքով, երկու կարծիք լինել չի կարող:

Այնուամենայնիվ, ՄԻ պաշտպանը նշել է, որ ինքը որևէ լիազորություն չունի միջամտելու քրեական գործին: