Home / Հայաստան / Արփա գետի հունը փակել են. նոր ՀԷԿ-ի կառուցումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ

Արփա գետի հունը փակել են. նոր ՀԷԿ-ի կառուցումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ

Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու վայրում արդեն սկսել են փորել գետի հունը: Ջերմուկից բնապահպանները ահազանգում են, որ մարդիկ բերել են ծանր տեխնիկա և արդեն Արփայի հունը փակել են: Երկու շաբաթ առաջ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պաշտոնապես գրել է բնապահպանության նախարարությանը և ոչ մի պատասխան մինչ այս պահը չի ստացվել:

Բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանի խոսքով` Արփայի վրա արդեն կա երեք ՀԵԿ, որոնք գետից վերցնում են ավելի շատ ջուր, քան թույլատրելի է, և դրա հետևանոքով խախտvել է բնական հոսքը:

«Գետի հունը փոխելը կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ: Փոխվում է ափերի կառուցվածքը, գետի կենսաբազմազանությունը: ՀէԿ կառուցելու համար նախ պետք է անցկացնել հասարակական լսումներ, նախագիծը պետք է ունենա շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացություն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Ինչպես հաղորդում է «Էկոլուր» բնապահպանական ՀԿ-ն, ՀԷԿ-ը կառուցելու համար կտրվել են մի քանի ծառեր, իսկ 2000 մետր բարձրության վրա ծառեր հազվադեպ են աճում:

Լուսանկարը՝ virtualarmenia.am