Home / Հայաստան / Ինչի վրա է «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ ծախսել Քոչարյանի օրոք

Ինչի վրա է «Հայաստան» համահայկական հիմնադրամը գումարներ ծախսել Քոչարյանի օրոք

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կայք-էջում մի շարք անավարտ ծրագրեր կան, որոնց համահայկական, սոցիալական բնույթը, համայն հայության համար օգտակարության աստիճանը խիստ կասկածելի են, գրում է «Հրապարակը»:

Թերթը նշում է, որ 2005 թվականին հիմնադրամն ավելի քան 245 հազար դոլար է ծախսել նախագահի նստավայրը վերանորոգելու համար: Հիմնադրամի կայքում «նախագահական» բառը բացակայում է, այլ գրված է` «բնակելի շենք»: Թերթը պարզել է, որ խոսքը թիկնապահների համար նախատեսված տարածքի մասին է:

Ստացվում է, որ նախագահ Քոչարյանի թիկնապահներին շքեղ պայմաններ տրամադրելը համազգային նշանակության խնդիր էր, որին պետք էր հենց համահայկական բարեգործականի լայն խողովակը ծառայեցնել, գրում է «Հրապարակը»чնշելով, որ Ռոբերտ Քոչարյանի` լավ շենքում նստելու ամբիցիային ոչ ոք չի կարող պատասխանել, իսկ թե ովքեր են համաձայնել ֆինանսավորել այս նախաձեռնությունը և ինչ են դրա դիմաց ստացել, կայքում գրված չէ:

2007 թվականին Ծաղկաձորի ճոպանուղին է վերանորոգվել, ճոպանուղու ավտոկայանատեղին է կառուցվել: Այս բոլոր աշխատանքների, գումարած ճոպանուղու նախագծման և փորձաքննությունների, նաև տեխնիկական հսկողության համար ծախսվել է մոտ 153 հազար դոլար: Ով է «տիրություն» անում ճոպանուղուն, ում գրպանն են գնում հիմնադրամի ֆինանսավորմամբ վերականգնված այս համահայկական և ոչ շատերին հասու զվարճալիքից ստացված գումարները, թերթը խոստանում է կճշտել առաջիկայում:

Նույն 2007 թվականին երկրորդ նախագահի անվան և սպորտային նախասիրությունների հետ կապված մեկ այլ զվարճալիք կառուցվեց: Սևանա լճի ափին կահավորվեց առագաստային ակումբը, այն համալրվեց գույքով, «յախտսմենների» թրեյնինգներ անցկացվեցին: Նոր հայերի առագաստային «կայֆերի» համար «Հայաստան» համահայկականը վճարեց անհամեմատ ավելի, քան նախագահականի և ճոպանուղու վերանորոգումը միասին` մոտ 1 մլն 92 հազար դոլար: Այն դեպքում, երբ այդ նույն Գեղարքունիքի մարզի սահմանամերձ գյուղերը դատարկվում են խմելու ջրի բացակայության պատճառով: Օրինակ, Ջաղացաձոր համայնքին ջուր հասցնելու համար ընդամենը 30 հազար դոլար է պետք, և մինչ օրս կառավարությունը չի կարողանում այդ գումարը հատկացնել: Սահմանային այս գյուղում բնակվող, սահմանը պահող ՀՀ քաղաքացիները վաճառում են իրենց տների քարերը, մեքենան` 8 հազար դրամով, Ռուսաստան մեկնող ավտոբուսների տոմս գնում ու մեկնում երկրից միայն խմելու ջուր չունենալու պատճառով:

Մեկնաբանություն պետք չէ, ուղղակի դնենք թվերն իրար կողքի, և դրանք կխոսեն, եզրափակում է թերթը: