Հուլիսի 2-ին Լոռու մարզի Ալավերդիի Թումանյան փողոցում՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ 49-ամյա Նելլի Աբրահամովային գնացքի տակ գցած մեքենավարը մեղավոր չէ: Այս մասին Epress.am-ի հետ թղթակցի հետ զրույցում պատմել է դեպքի ականատեսը:
«Դեպքի վայրում հավաքվածները կարող են փաստել, որ կնոջը տեսնելուց հետո վարորդը հասցրել է արգելակել ճիշտ ժամանակին, սակայն դրանից հետո գնացքը դեռևս 30մ ընթացել է: Մոտակա տների բնակիչները նույնիսկ լսել են գնացքի ազդանշանը», – պատմել է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այդ հատվածում անգամ լուսակիր չկա:
Նրա խոսքով՝ գնացքի գծի այն հատվածը, որտեղով անցել է կինը, երկար ժամանակ է, ինչ իրենից մեծ վտանգ է ներկայացնում:
«Այն փորձում են փակել, սակայն չեն անում, քանի որ այդ հատվածը կապում է դիմացի՝ գծերից այն կողմ գործող առևտրականների սեղանիկներին: Երկար ժամանակ է, ինչ քաղաքապետը, իսկ այժմ մարզպետը՝ Արթուր Նալբանդյանը, աշխատանքներ է տարել ու տանում այդ ուղղությամբ, որպեսզի այնտեղից հանվեն սեղանիկները և գնացքի գծի այդ մասը վերջնականապես փակվի ու այլևս վտանգ չներկայացնի: Մինչ օրս խնդիրը լուծում չի ստացել», – նշել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ դեպքի վայրում հավաքվածները բողոքել են, թե խնդիրը չի լուծվի, մինչև քաղաքապետարանը վերջնականապես չփակի այդ մասը:
«Քանի դեռ մարդիկ չեն դադարում անցնել այդ մասով, ուրեմն նման դեպքեր միշտ էլ լինելու են», – փաստել է մեր զրուցակիցը: