Հունիսի 28-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնելիս ուշագնաց եղած, այնուհետ հիվանդանոց տեղափոխված 55-ամյա Գոհար Չիֆլիկյանը 5 օր անց դուրս է գրվել հիվանդանոցից: Այսօր նա գնացել է Արդարադատության նախարարություն՝ նախարար Հրայր Թովմասյանին հանդիպելու նպատակով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ տիկին Չիֆլիկյանը:
Գոհար Չիֆլիկյանի դուստրը՝ Շամիրամ Միքայելյանը, հացադուլի էր նստել կառավարության շենքի մոտ: Նրա խոսքով՝ սրտի արատ ունեցող որդուն՝ զինծառայող Ռուբեն Միքայելյանին բանակում սպան ստորացրել է ու դրդել ինքնասպանության փորձի, հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար: Թոռան համար բողոքի ակցիա անցկացնող Չիֆլիկյանը կորցրել էր ինքնազգացողությունն այն պահին, երբ աղջկա հետ զրուցելիս ու օգնություն խնդրելիս էր եղել Հրայր Թովմասյանի հետ: Կնոջը անգիտակից վիճակում տեղափոխել էին թիվ 2 կլինիկական հիվանդանոց: Նույն օրը Շամիրամ Միքայելյանին աջակցող «Բանակն իրականում» նախաձեռնության անդամները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, և նամակով խնդրել հոգալ Գոհար Չիֆլիկյանի բուժման ծախսերը: Դումանյանը խոստացել էր օգնել, զանգահարել է հիվանդանոց, ինչից հետո կնոջը տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Երեկ՝ միջուկա-մագնիսային ռեզոնանսի (Յամեր) հետազոտությունն անցնելուց հետո, Չիֆլիկյանին դուրս են գրել հիվանդանոցից՝ ասելով, որ նրա գլխի հետ ամեն ինչ նորմալ է:
«Դուրս գրվելուց հետո ինձ է զանգում հիվանդանոցի բժիշկներից մեկը ու հարցնում՝ կարո՞ղ ես ժամը 3-ին գալ հիվանդանոց: Նա ասաց, որ պետք է գնամ ու շնորհակալագիր գրեմ ինձ բուժօգնություն ցույց տված բժիշկներին, ես էլ ասացի՝ իհարկե ՝ կգամ, դուք ինձ կյանք եք վերադարձրել, ո՞նց կարող եմ հրաժարվել: Բժիշկն ասաց, որ ինքը իմ բառերով ժամը 3-ին կզեկուցի, բայց խնդրեց առավոտյան անպայման գնալ ու ստորագրել: Ասացի՝ շատ բարի», – պատմել է Չիֆլիկյանն ու ավելացրել, որ բժշկի խնդրանքով գնացել է հիվանդանոց:
«Բժշկի միաժամանակ խնդրեցի տալ իմ հիվանդության ախտորոշումը, ինչին ի պատասխան նա զարմացած հարցրեց՝ քեզ պետք ա՞: Ասում եմ՝ բժիշկ ջան, ամբողջ կյանքում առողջ եմ եղել, երբեք ուշաթափություն չեմ ունեցել, բա չիմանամ, թե ի՞նչ է կատարվել ինձ հետ: Ասում եմ՝ բա այդքան մարդու մոտ ուշագնաց եմ եղել, որ հարցնեն, ի՞նչ ասեմ: Բժիշկն ասում է՝ պետք չէ, որ թուղթը տամ, պետք է գրեմ հիստերիկ վիճակ է եղել ձեր մոտ: Ասացի՝ կներեք՝ չեմ հասկանում հիստերկն ի՞նչ բառ է, ես գիտեմ, որ հիստերիկություն անում են ինչ-որ շահերի համար, իմ շահը հիվանդանոց գալը չէր, այլ նստացույցը, որպեսզի թոռանս ազատեմ: Ուրեմն ի՞նչ վիճակում եմ եղել, որ բերել են հիվանդանոց», – պատմել է Չիֆլիկյանը՝ հավելելով, որ բժիշկն ասել է, թե բավական չէ՞, որ հետազոտությունը ամեն ինչ մաքուր է ցույց տվել:
«Բժիշկը, որ ամբողջ ընթացքում համակարգչով կարտ էր խաղում, միանգամից կարմրեց, փրփրեց, ձայնը բարձրացրեց, ասացի՝ մի րոպե, բժիշկ, հիմա դո՞ւք եք հիստերիկության մեջ: Ասացի, հանգստացեք ու տվեք ախտորոշումս, ոչինչ, գրեք, որ ես հիստերիայի մեջ են եղել: Ասաց՝ ժամը 5-ին կգաք, կգրեմ, բայց հիմա ստորագրեք, որ մեզանից գոհ եք, ասացի՝ հաջողություն», – նշել է կինը:
Չիֆլիկյանի խոսքով՝ եթե այս օրերին պատկան մարմինները չկատարեն իրենց պահանջը, ապա աղջկա՝ Շամիրամ Միքայելյանի հետ ինքն էլ անժամկետ հացադուլ կհայտարարի:
Հիշեցնենք, որ բողոքող տատն ու մայրը երկու պահանջ ունեն՝ քրեական պատասխանատվության ենթարկել Սիսիանի 60919 զորամասի սպաներին` 19-ամյա Ռուբեն Միքայելյանին դաժան ծեծի ենթարկելու և ինքնասպանության փորձի հասցնելու համար, և նրան ազատել զինծառայությունից, քանի որ նա սրտի արատ ունի և չպետք է զորակոչվեր բանակ: