«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանը երեկ ստացել է ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի որոշումը Գևորգյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճելու մասին, գրում է թերթը:
Խոսքը վերաբերում է այս տարվա հունվարի 13-ի հայտնի «վրաերթին»: Քրգործը, քննիչի որոշմամբ, կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ըստ թերթի՝ սա բավականին «խորամանկ» որոշում է: Խնդիրն այն է, որ գործը եթե հասնի դատարան, ապա այնտեղ միանշանակորեն կապացուցվի, որ «վրաերթը» սարքվել է և սարքվել է ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով, կամ առնվազն որևէ բարձրաստիճան ոստիկան փորձել է նրան լավություն անել:
Գործը կարճելով` ՀՀ ոստիկանությունը փորձում է խուսափել այս հեռանկարից նշում է «ՀԺ»-ն: Հայկ Գևորգյանը և նրա պաշտպան Վահե Գրիգորյանը պատրաստվում են բողոքարկել այս որոշումը և ապացուցել «վրաերթի» սարքված լինելը ու պատասխանատվության կանչել գործում ներգրավված բոլոր անձանց: