11:30 Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի ԱԺ ետնամուտք՝ իրենց բողոքը հայտնելու ԵՄ Եվրոպական խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյին, ով այսօր հանդիպումներ է ունեցել պատգամավորների հետ: Խորհրդի նախագահն արդեն մեկնել էր, և ակտիվիստները մուտքի մոտ խոսել են ՀԱԿ խմբակցության անդամների հետ:
ՀԱԿ-ի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնել է, որ իրենք այս պահին հնարավորություն չունեն կյանքի կոչել «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի քննությանը նվիրված արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց նախաձեռնությունը, քանի որ դրա համար հարկավոր է առնվազն 44 ձայն: Սակայն, Զուրաբյանի խոսքով, այս հարցը մնում է օրակարգում, և հասարակական ճնշումը պետք է ուժեցանա, որպեսզի պատգամավորներից առնվազն 44-ը միանան նախաձեռնությանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ Հայաստանում շարունակում է իշխել միակ տղամարդու սինդրոմը, սակայն, Փաշինյանի խոսքով, Հայաստանի միակ տղամարդը ՀՀ քաղաքացին է:
Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ՀՀ Դատախազություն:
10.33 Ժամը 10.00-ին Ազգային Ժողովի մոտ մեկնարկել է Ռուբեն Հայրապետյանին «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանության համար քրեական պատասխանատվության ենթարկելու կոչով ակցիան:
Անդրադառնալով Հայրապետյանի՝ պատգամավորի մանդատը վայր դնելու փաստին՝ հրապարակախոս, հասարակական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանն ասել է, որ այս քայլը հերթական ապացույցն է այն բանի, որ կրկնվում է Մաշտոցի պուրակի և Գագիկ Բեգլարյանի հետ տեղի ունեցած սցենարը, այսինքն, որ Հայաստանում բոլոր որոշումները կայացվում են Բաղրամյան 26-ում (Նախագահի նսըավայր – խմբ):
«Մենք այդպիդի արդարադատություն չենք ուզում: Նեմեցը պետք է պատասխանատվության ենթարկվի: Պետք է օրենքի գերակայություն լինի և ոչ թե ինչ-որ մեկի կամքի», – ասել է Զառա Հովհաննիսյանը:
Նա նաև հայտնել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությունը ԱԺ-ում հանդես է եկել նախաձեռնությամբ, որ խորհրդարանում արտահերթ նստաշրջան հրավիրվի՝ «Հարսնաքարի» դեպքերը քննելու համար:
«Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանն էլ Սերժ Սարգսյանի քայլը ողջունողներին հակադարձել է՝ ասելով, որ իրենք նախագահի կողքին կլինեն միայն այն դեպքում, եթե նա սկսի պատժել բոլորին՝ սկսած իր եղբայր Սաշիկ Սարգսյանից և իր ընկեր օլիգարխներից:
Նշենք, որ ԱԺ-ի մոտ հավաքվածմարդիկ իրենց հետ մի շարք պաստառներ են բերել, որոնց վրա, մասնավորապես, գրված է` «Ռուբո, սիրուն չի, ապամոնտաժել», «Արյունը չեք մարսելու», «Հեռացրեք Նեմեցին Ֆեդերացիայից»: