Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի 14 հասցեի բնակիչների հորդորով հունիսի 27-ին իրենց բակի տարածքում մոտ 30 րոպե շրջայց կատարած Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանի հեռանալուց հետո անորոշ ժամանակով դադարեցվել էր բակում ընթացող շինարարությունը: Epress.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները պատմել են, որ 1,5 տարի առաջ իրենց բակի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհած Արսեն Մկրտչյանն ու իր եղբայրը,Մուրադյանի հեռանալուց հետո, ամեն առիթ օգտագործում են՝ իրենց համոզելու, որպեսզի թույլ տան վերսկսել շինարարությունը:
«Կամ ճանապարհին են կանգնեցում, կամ մտնում մարդկանց բնակարաններն ու համոզում, որ վերցնենք մեր դիմում-բողոքները: Նրանք ամեն գնով ուզում են մեզ սիրաշահել, որպեսզի հանդարտվենք ու թույլ տանք շարունակել շինարարությունը: Նրանք առաջարկում են փոխհատուցել տարածքը զավթելու ու կրած վնասների համար՝ միայն թե մենք դադարենք բողոքել», – պատմել է Գայանե Եղիազարյանը՝ ընդգծելով, որ իրենք որևէ փոխհամաձայնության գնալ չեն պատրաստվում:
Հիշեցնենք, որ Շիրազի 14 փողոցի բնակիչները բողոքում են կեղծ հիմքերով անօրինական գործողությունների դեմ: Նրանք դիմել են տարբեր ատյանների, ընդհուպ մինչև դատարան՝ գործարքը չեղյալ համարելու համար, այդ ընթացքում ՝ 2011 թվականի մարտին, Մկրտչյանը ոչնչացրել է բակի այգու 16 պտղատու ու դեկորատիվ ծառերից 10-ը: Մնացած 6 ծառերը նա կտրել էր հունիսի 6-ին:
Վերոնշյալ հասցեի բնակիչները քաղաքապետի գլխավոր խորհրդականին էին ներկայացրել 60 բնակիչների ստորագրություններով մի փաստաթուղթ, որտեղ վերջիններս պահանջել էին դադարեցնել իրենց բակում սկսված ապօրինի շինարարությունը: Նրանք ներկայացրել են, որ դա իրենց բակի տարածքն է, ինչին ի պատասխան Մուրադյանն ասել էր, թե, ըստ իր մոտ եղած գծագրի, բակի տարածք չէ:
«Բնակիչներով խնդրեցինք Մուրադյանին գալ մեր բակ ու տեղում պարզել ամեն ինչ: Նրա գնալուց հետո, ճիշտ է՝ կոնկրետ պատասխան չստացանք, բայց շինարարությունը դադարեցրին», -պատմել է Եղիազարյանը:
«1,5 տարվա պայքարի արդյունքում այդքան ծառահատումները, թթվածնի կորուստը, բնակիչների քայքայված նյարդերը բավական են: Մենք հասել ենք նրան, որ շինարարությունը կասեցվել է, հիմա էլ պիտի թույլ տանք, որպեսզի կրկին վերսկսե՞ն», – ասել է Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ Մկրտչյաններն անվերջ կրկնում են, թե պատրաստ են լուծել շենքի բնակիչների խնդիրները, անգամ գումարներ են առաջարկել, միայն թե բնակիչների հետ հաշտության եզրեր գտնեն ու գան ընդհանուր հայտարարի:
«Մենք բազմիցս շեշտել ենք, որ չենք ուզում, որ մեր բնակարանների պատուհաններից ինչ-որ շինության պատ երևա, փոշի ու աղբ լինի: Նրանք մեզ պատասխանում են, թե մի անհանգստացեք, գեղեցիկ տուֆից պատ է լինելու, իսկ ինչ վերաբերում է աղբին ու փոշուն, ապա մենք մաքրողներ կբերենք, բոլորի բնակարանները մեկ առ մեկ կմաքրեն», -պատմել է Եղիազարյանը:
Նա նաև հավաստիացրել է, որ ցանկացած առաջարկ անտեսվելու է իրենց կողմից:
«Մեր պայքարը հասել է վերջնագծին, մենք անդրդվելի ենք ու միահամուռ կերպով շարունակելու ենք մեր պայքարը: Սպասում ենք Մուրադյանի խոսքին ու դատարանի պատասխանին՝ տեղեկանալու դատական նիստի օրվա մասին», – եզրափակել է Եղիազարյանը: