Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի՝ Ազգային Ժողովում ելույթից հետո պատգամավորներին հնարավորություն չեն տվել նրան հարցեր ուղղել:
Այս առնչությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է իր վրդովմունքը և տեղեկացրել, որ ինքն այդ մասին արդեն խոսել ԵՄ պատվիրակության անդամների հետ, որոնք ևս, Օսկանյանի խոսքով, չափազանց տպավորույթյուն էին ստացել տեղի ունեցածից:
«Հնարավորություն չտրվեց հարց տալ նախագահին և շատ կոպիտ ձևով ընդհատվեց: Կարծում եմ, որ պատգամավորներն այսօր ունին հարցեր, որոնց պարզաբանումն օգտակար կլիներ, առաջին հերթին, Հայաստանի համար: Երկրորդ՝ այդ ազատ քննարկումը լավ տպավորություն կթողներ հենց Եվրոպական խորհրդի նախագահի վրա, պատվիրակության մյուս անդամների վրա, և այդ առումով, կարծում եմ, այսօր մենք մեծ հնարավորություն կորցրեցինք` պարզապես ելնելով նրանից, որ ԱԺ-ի ղեկավարությունը չհամաձայնեց, որ մենք կարողանանք հարցեր տալ», – ասել է Օսկանյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ-ի ամբիոնն ազատ ամբիոն է և պետք է տարակարծության ամբիոն լինի:
«Ինձ համար, օրինակ, շատ հետաքրքիր էր, թե ինչու ԵՄ-ի ներկայացուցիչը Ղարաբաղ չի այցելում, և ես ուզում էի հենց նախագահին այդ հարցը տալ, բայց այդ հնարավորությունը չտրվեց: Մտածել, որ պատգամավորները կարող են այնպիսի հսրցեր տալ, որոնք լավ չեն հնչի իշխանությունների համար, սա արդեն ժողովրդավարություն չէ: Բոլոր խմբակցությունները զայրացած են այս երևույթից»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը:
Խոսելով վան Ռոմպոյի ելույթի մասին՝ Օսկանյանն ասել է, որ եվրոպացի չինովնիկը, բնակաբար, գտնվելով Հայաստանում, պետք է խոսի դրական երևույթների մասին, բայց իր ելույթում շատ հստակ մեսիջներ կային, որ այն, ինչ արվում է Հայաստանում, դեռևս բավարար չէ: