Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով անցնող ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Մանուկյանն իր ցուցմուքնում հայտնել է, որ սկզբնական շրջանում իրեն փորձում էին մեղադրել Նազարյանին սպանելու մեջ:
«Իսկ մեղադրանքը իրեն ներկայացրել է առերես վկա Արման Մնացականյանը, որը դատաքննության ընթացքում հրաժարվեց ցուցմունք տալուց, և, չնայած կողմերի պահանջներին, մինչ օրս նրան այդպես էլ դատարան չեն բերում: Հատկանշանական է մի փաստ, որ Հակոբ Մանուկյանի և Արման Մնացականյանի առերեսման արձանագրությունը քրեական գործից բացակայում է: Հիշեցնեմ նաև, որ նախորդ շաբաթվա երկու նիստերում ամբաստանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը ևս նշել են, որ իրենց սկզբնական շրջանում մեղադրում էին Արտակ Նազարյանի սպանության մեջ, որը կեղծ մեղադրանք էր, միաժանակ նրանց ծեծել և խոշտանգել են` ստիպելով իրենց վրա վերցնել Նազարյանի սպանությունը: Այլ կերպ ասած՝ քննիչները, նախաքննական մարմինը, սկզբից ևեթ իմացել են, որ Նազարյանը սպանվել է, սակայն այնուհետև ինչ-ինչ պատճառներով դեպքը որակել են որպես ինքնասապանություն»,- ասել է Ռուբեն Մարտիրոսյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 10-ին, ժամը 11.00-ին, որի ժամանակ կշարունակվի Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը: