Այսօր երեկոյան Epress.am-ի խմբագրություն է զանգահարել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանը և ասել, որ «Հայրապետյանն ինքը կհրաժարվի Ֆուտբոլի ֆեդերացիայից, կարծում է Գագիկ Բեգլարյանը» հրապարակման բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:
«Գագիկ Բեգլարյանին վերագրված խոսքերը իրականությանը չեն համատասխանում: Մասնավորապես` Գագիկ Բեգլարյանը չի ասել, որ Ռուբեն Հայրապետյանը ինքը կհրաժարվի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ընդամենը ասել է, որ Ռուբեն Հայրապետյանի հայտարարության մեջ արդեն ամեն ինչ ասված է»:
Այս կապակցությամբ Epress.am-ը որոշել է ամբողջությամբ վերծանի լրագրողի և Գագիկ Բեգլարյանի Հանրապետության Հրապարակում` Երևանի գլխավոր փոստի շենքի մոտ, տեղի ունեցած զրույցի որոշ մանրամասներ:
Օրինակ` երբ Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչով ակցիայի մասնակիցներից մեկը վանկարկեց Բեգլարյանի ուղղությամբ. «Մի Նեմեց էլ սայա», նախարարը պատասխանեց. «Նեմեցը պապդ ա»:
Մեկ այլ բողոքի ակցիայի մասնակից իր հերթին բղավեց Բեգլարյանի ուղղությամբ. «Մարտի 1-ի մարդասպան Չոռնի»: Նախարարը այս անգամ չպատասխանեց: Բեգլարյանը դիմեց լրագրողին. «Էս մեկը խնդրում եմ չգրեք: Աբիդնին էնա, որ ես կյանքումս մրջյուն անգամ չեմ սպանել»:
Ներկայացնում ենք նաև «Հայրապետյանն ինքը կհրաժարվի Ֆուտբոլի ֆեդերացիայից, կարծում է Գագիկ Բեգլարյանը» հրապարակումն ամբողջությամբ.
«Տրանսպորտի և կապի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանն ինքը կհրաժարվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Այս մասին նա ասել է Epress.am-ի թղթակցի հետ զրույցում, և, հիմնավորելով իր համոզմունքը, հիշեցրել երեկ Հայրապետյանի տարածած հայտարարությունը:
«Այդ հայտարարությունից ես հասկացա, որ Ռուբեն Հայրապետյանն ամենաշատն է ցավում, իրոք, նա ծանր ապրումների մեջ է: Ես կարծում եմ` պետք չէ պահանջներ ներկայացնել, ինքը կհրաժարվի Ֆեդերացիայից, հավանաբար»,- ասել է Բեգլարյանը:
«Հարսնաքարի» դաժան դեպքերի մասին կարծիք հայտնելով՝ Բեգլարյանն ասել է, որ կարող է միայն «բարոյական մասով» պատասխանել, այն է՝ դաժան բան է պատահել, և ինքը խորապես ցավում է, սակայն քանի որ, իր խոսքով, «իրավագետ» չէ, պատիժ սահմանելու մասին ոչինչ ասել չի կարող և կսպասի գործի քննության ընթացքին:
Խոսելով դեպքի շուրջ սկսված քաղաքացիական շարժման մասին` նախարարն ասել է. «Պետք է պատկերացնել Վահեի ընտանիքի ապրումները: Դուք պատկերացնում եք` նրանք ամեն կայքում տեսնում են իրենց վշտի մասին նյութեր, պետք է հարգել մարդու վիշտը: Ես չեմ ուզում՝ ասել մարդիկ քաղաքականացնում են, դա էլ վատ բառ է, բայց ամեն օր ակցիաներ անելը ճիշտ չէ»,- ասել է Բեգլարյանը: