Դավիթ Շահնազարյանը դուրս է եկել Հայ ազգային կոնգրեսից: Այս մասին հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրել է անձամբ Շահնազարյանը:
«Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակից ես դուրս եմ եկել ընտրություններից առաջ՝ մարտ ամսին, եւ ընդհանրապես իմ քաղաքական գործունեությունը դադարեցրել եմ ՀԱԿ-ում», – ասել է Շահնազարյանը:
Չնայած նա հրաժարվել է մանրամասնել ՀԱԿ-ից դուրս գալու դրդապատճառները, սակայն, ելնելով խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական իրավիճակի շուրջ նրա գնահատականներից, կարելի ասել, որ պատճառներից մեկը եղել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ՀԱԿ-ի քաղաքական համագործակցությունը, նշում է «Ազատությունը»:
«Ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը: Եթե մինչեւ ընտրություններ Հայաստանում կար երկբեւեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բեւեռի փոփոխությունը, եւ այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային եւ բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», – ասել է Շահնազարյանը՝ շարունակելով. «Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացնում է՝ «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»:
«Մյուս առանձնահատկությունը. ամբողջ այս ընտրական գործընթացի արդյունքում ձեւավորվեց մի մթնոլորտ, որը հնարավորություն տվեց քոչարյանական իշխանության ռուդիմենտներին հրապարակայնորեն հանդես գալ եւ բավական մեծ ամբիցիաներով: Շատ դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններում որեւէ մի կուսակցություն իր ցուցակի երկրորդ տեղում կընդգրկի քոչարյանական ռեժիմի այնպիսի կարկառուն ներկայացուցչի, ինչպիսին Վարդան Օսկանյանն է, եւ այս ընտրությունների արդյունքում, ըստ էության, քաղաքական պատասխանատվությունը ամբողջովին հանվեց քոչարյանական ռեժիմի վրայից գոնե արտաքին քաղաքական առումով: Ի՞նչ ընտրություն կա այսօր. կամ ներկայիս իշխանությունը, որն ուզում է պահպանել այսօրվա վիճակը, եւ հանձինս «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընտրություն դեպի նախորդ ռեժիմ», – ասել է Շահնազարյանը: