23:11 Ակցիայի մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, հասել են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Այս պահին նրանք 5 րոպե լռությամբ հարգում են Վահե Ավետյանի հիշատակը, որից հետո վերադառնալու են «Հարսնաքար», որտեղ ավարտելու են ակցիան:
22:30 Այս պահին ակցիայի մասնակիցների մի մասը, ում այդպես էլ թույլ չտվեցին մտնել «Հարսնաքարի» տարածք, շարժվում է դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն և վանկարկում «Նեմեց, մարդասպան», «Ավան, միացիր», «Վիխոդի, պոդլիյ տռուս»:
21:50 «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված և հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի կապակցությամբ այսօր ժամը 21:00-ին պետք է մեկնարկեր նրա հիշատակին նվիրված մոմավառությունը: Սակայն տարածքը հսկող ոստիկանները ակցիայի մասնակիցներին մինչ այս պահը թույլ չեն տալիս մտնել ռեստորանի տարածք:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, ակցիային մասնակցող Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանը փորձել է նկարահանել ակցիայի ընթացքը, սակայն այդ պահին «Հարսնաքարի» մուտքի մոտ Ռուբեն Հայրապետյանը հարվածել և գետնին է տապալել նրան: Վեզիրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առայժմ զերծ կմնա մեկնաբանություններից և պաշտոնական հայտարարություն տեղի ունեցածի վերաբերյալ կանի վաղը: Փոխարենը` կատարվածի մանրամասները ներկայացրել է ակցիայի մասնակից, ակտիվիստ Ծովինար Նազարյանը (կներկայացնենք ավելի ուշ):
Epress.am-ի թղթակցի հաղորդմամբ` այս պահին ոստիկանների և ռեստորանի մոտ հավաքված հարյուրավոր քաղաքացիների միջև ընդհարում է սկսվել: Ակցիայի մասնակիցները, ում այդպես էլ թույլ չտվեցին մտնել ռեստորանային համալիրի տարածք, փակել էին ճանապարհը, սակայն ոստիկանները փորձում են ցրել իրենց, քաշքշելով մարդկանց: