Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում երեկվանից պատասխանում է տարբեր օգտատերերի՝ երեկ «Հարսնաքարում» ոստիկանների և սպանված Վահե Ավետյանի հիշատակին նվիրված ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախման մասին մեկնաբանություններին:
Ակցիաների մասնակից, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, մասնավորապես, Մելքոնյանի էջում գրել է.
«Պարոն Մելքոնյան, ես էլ մտածում էի, թե փոխվել են մեր ոստիկանները, բոլորին ասում էի, թե վատը, բացասականն անցյալում են, մեր ոստիկանները արդիականանում են, էսօր պարզ դարձավ, որ կարմիր բերետավորներն իրանց կաշին չեն փոխել: Էդ մարդիկ անջատված են, չեն զգում ոչ մի բան: Որպես ՀՀ քաղաքացի խնդրում և պահանջում եմ փոխեք դրանց, ընտրեք նորմալ հոգևիճակ ունեցող կիրթ մարդկանց: Հուսով եմ՝ ականջալուր կլինեք»:
Գրառմանը Մելքոնյանը պատասխանել է. «Իմ շատ հարգելի պ. Սանասարյան, ես մտածում էի, որ քաղաքական-հասարակական գործիչները իմ հորդորներից հետո ողջամիտ կգտնվեն և չեն խախտի մոմավառության խորհուրդը, այն կանցկացնեն աստվածահաճո: Հիասթափված եմ և՛ նրանց, և՛ լրագրողների, և՛ հեղինակազրկված շարժումների կողմից Վ.Ավետյանի մահը արդեն ամբողջությամբ շահարկող ամբոխից, որոնք անջատված, անզգա փակեցին մայրուղին՝ խախտելով բարոյականության բոլոր սահմանները: Ես հետագայում ավելի մանրակրկիտ և խորությամբ կանդրադառնամ… Ես Ձեզ շատ եմ հարգում, ցավում եմ, որ Դուք այդ «քամուց քշվածների» հետ եք և մասնակցեցիք խզմալյանական անհաջող բեմադրությանը… Ի տարբերություն Ձեզ, Ժ.Սեֆիլյանը ինչպես միշտ ստոիկյան կեցվածքով կողքից նայում էր այդ ամենին: Հա՛, Աստվածասեր «Բազազի» պատասխանն էին ուզում լսել որոշ օգտատերեր: Համենայն դեպս ես նորից Ձեզ սթափության կոչեր արեցի, Աստված էլ շուրջ մեկ ժամ սթափեցնող անձրև տեղաց, որպեսզի որոշ տաքագլուխներ սթավեն, սակայն նրանք չհասկացան, շարունակեցին իրենց ամբոխավարությունը… Իսկ անջատված բերետավորներից կազատվենք, Մոսկվան միանգամից չի կառուցվել: Չնայած ամեն ինչ փոխադարձ է, նրանք էլ կարող են թերանալ, ռոբոտ չեն: