Դավիթ Շահնազարյանի՝ Հայ Ազգային Կոնգրեսից դուրս գալը կապված չէ Կոնգրեսի հետ ռազմավարական հարցերում հակասություն ունենալու հետ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Այո, Դավիթ Շահնազարյանը դադարեցրել է իր մասնակցությունը Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի աշխատանքներին և ընդհանրապես ակտիվ քաղաքական գործնեությունը Կոնգրեսի կազմում՝ շարունակելով մնալ Կոնգրեսի անդամ, քանի որ դուրս չի եկել Հայոց Համազգային Շարժում կուսակցությունից:
Ինչ վերաբերում է պատճառներին, ապա կարող եմ ասել հետևյալը. Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսի ղեկավարությանը հստակ ներկայացրել է իր քայլի պատճառները, որոնք, սակայն, կապված չեն Կոնգրեսի հետ ռազմավարական, մարտավարական, եթե կուզեք նաև գաղափարախոսական հարցերում հակասություն ունենալու հետ: Իսկ թե որոնք են այդ պատճառները, համաձայն մեր ունեցած պայմանավորվածության, կարող է ներկայացնել անձամբ ինքը՝ պարոն Շահնազարյանը», – ասել է մեր զրուցակիցը:
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շահնազարյանը հաստատել էր Կոնգրեսից դուրս գալու փաստը սակայն հրաժարվել էր նշել պատճառը:
Նա նշել է, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում ամբողջովին փոխվեց քաղաքական համակարգի պատկերը:
«Եթե մինչև ընտրություններ Հայաստանում կար երկբևեռանի քաղաքական համակարգ, որը մի կողմից իշխանությունն էր, մյուս կողմից՝ ՀԱԿ-ը, ապա այսօր այդտեղ տեղի է ունեցել ընդդիմության բևեռի փոփոխությունը, և այդ տեղը զբաղեցնում է արդեն «Բարգավաճ Հայաստանը», որը ինքն իրեն համարում է այլընտրանքային և բոլոր հիմքերը ունի իրեն այլընտրանքային անվանելու», – ասել է Շահնազարյանը՝ շարունակելով. «Երկրորդ՝ ընդդիմության բուրգում եղած քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», ունի լեգիտիմության նույն աստիճանը, ինչ իշխանությունը կամ գուցե ավելի ցածր, որովհետև շատ ավելի համակարգված էր ընտրակաշառքները բաժանում, քան իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցությունը»:
Այս ամենից ելնելով Շահնազարյանը եզրակացրել էր. «այսօր մենք ունենք ոչ լեգիտիմ ընդդիմություն»: