«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը այսօր բացատրություն տալու համար հրավիրվել է ոստիկանության բաժանմունք: Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վեզիրյանը հայտնել է, որ «Հարսնաքարի» մոտ երեկ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Միաժամանակ Արման Վեզիրյանը հրաժարվել է դատաբժշկի ուղեգիր ստանալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց, ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
Նկատի ունենալով, որ Հայրապետյանի գործողությունները կարող են քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Epress.am-ի հետ զրույցում Արման Վեզիրյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը բացատրել է իր պաշտպանյալի գործողությունների դրդապատճառները: Փաստաբանի խոսքով՝ քրեական գործ կարող էր հարուցվել 118 հոդվածով, այն է՝ թեթև մարմնական վնասվածք հասցնել, որը ենթադրում է առավելագույնը 100 000 դրամի չափով տուգանք: Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև այն, որ Ռուբեն Հայրապետյանը Վեզիրյանից ներողություն է խնդրել կատարվածի համար, տուժողը նպատակահարմար է գտել բողոք չներկայացնել: