Անցյալ շաբաթ բնապահպաններն ահազանգել էին Խոսրովի անտառում նոր ճանապարհի կառուցման հետ կապված՝ նշելով, որ բուլդոզերներով սկսել են քանդել Խոսրովի արգելոցի դեպի Հավուսթառ տանող ճամփան, սակայն Բնապահպանության նախարարությունից պարզաբանել են, թե ընդամենը հակահրդեհային ճանապարհ է կառուցվում:
Ակտիվիստները, այնուամենայնիվ, իրավիճակին ծանոթանալու նպատակով մեկնել են Խոսրովի արգելոց:
Բնապահպան Ինգա Զառաֆյանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ այն, ինչ իրենք տեսել են արգելոցում, մտահոգիչ էր: «Արդեն գոյություն ունեցող ճանապարհը լայնացվել է, և մնում է մոտ 500 մետր մինչև աղբյուրը: Ասում են, և դա ճիշտ է, որ հակահրդեհային միջոցառումները իրականացվելու են հողի միջոցով, ոչ թե ջրի, իսկ աղբյուրն էլ շատ քիչ ջուր ունի, ինչ է` մարդիկ գնալու էն ձեռքերը լվա՞ն` կրակը հանգցնելուց հետո»,- ասել է Զառաֆյանը` ենթադրելով, որ ճանապարհը ոչ թե հակահրդեհային, այլ տուրիստական նպատակներով է կառուցվում, և այդ մասին չի հայտարարվում, քանի որ արգելոցի պահպանման ռեժիմը միայն հակահրդեհային նշանակության շինարարություն է թույլ տալիս:
Զառաֆյանը նշել է, որ բնության պահպանման գործող երկու ռեժիմներից ամենախիստը արգելոցի ռեժիմն է, համաձայն որի արգելվում է որևէ շինարարություն անել, որը կհանգեցնի վայրի բնության զարգացմանը:
Բնապահպան Կարեն Մանվելյանն էլ նկատել է, որ շինարարությունը սկսվել է առանց փորձագիտական հետազոտություններ անելու, ինչը արդեն խատում է:
Այժմ բնապահպանները պահանջում են, որ գոնե մնացած 500 մետրը դեպի Հավուսթառ աղբյուր ճանապարհ չկառուցվի:
Լուսանկարը՝ ecolur.org-ի