Երեկ «Հարսնաքար» ռեստորանի մոտ Վահե Ավետյանի հիշատակը հարգելու և նրա սպանության մեղավորվերներին պատժելու մոմավառության ակցիայի ընթացքում տեղի ունեցած քաշքշուկի առնչությամբ, մասնավորապես, իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ Ռուբեն Հայրապետյանի կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու առթիվ Ոստիկանությունը դեռ չի որոշել` քրեական գործ հարուցելու է, թե` ոչ: Այս մասին Epress.am-ին հայտնել է Ոստիկանության լրատվական վարչությունից Արմեն Մալխասյանը:
Նա ասել է, որ երեկ միջադեպի ժամանակ ոստիկանները զգոնությունը պահպանել են, և նրանց ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ավելի վատ զարգացումներից, սակայն տեղի ունեցածի հետ կապված այլ գործողություններ ձեռնարկելու մասին որոշում դեռ չկա, լինելու դեպքում `Ոստիկանությունը կհայտարարի այդ մասի:
Հիշեցնենք, որ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը այսօր տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է` իրավապաշտպան Արման Վեզիրյանի դեմ արվածը ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատության իրավունքի ոտնահարում է: Իրավապաշտպանները հիշեցրել են, որ քանի որ սույն հանցագործության մասին հաղորդել են ԶԼՄ-ները, ապա համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի, քրեական գործ պետք է հարուցվի:
Հիշեցնենք, որ երեկ «Հարսնաքարի» մուտքի մոտ Ռուբեն Հայրապետյանը հրել էր ու գետնին էր գցել նկարահանումներ կատարող Արման Վեզիրյանին: