«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
«Հելսինկյան ասոցիացիան» այս միջադեպը գնահատում է որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ կազմակերպության աշխատակիցներին բռնության են ենթարկում՝ կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել են կամ համապատասխան ընթացք չեն տվել:
«Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին», -ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ այն պահին, երբ պատրաստվում էին հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին, Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին, ներողություն խնդրեց և հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար: