2020 թվականին մոտ 1,53 միլիոն մարդ ինքնասպան կլինի, իսկ 10-ից-20 անգամ ավելի մարդիկ ինքնասպանության փորձ կիրականացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր 20 րոպեն ինքնասպան կլինի մեկ մարդ ու յուրաքանչյուր 1-2 վայրկյանում կկատարվի ինքնասպանության փորձ: Խոսելով ինքնասպանությունների առեղծվածի մասին՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ Կամո Վարդանյանը՝ նշելով, որ մարդը սկսել է ինքնասպանության դիմել մինչև անիվի գյուտը ու կրակի սանձահարումը, այսինքն՝ առաջացել է մարդն, ու նրա հետ առաջացել է ինքնասպանություն երևույթը:
«Հասարակության մեջ կան ինքնասպանությունների տարբեր դրսևորումներ: Ինքնասպանությունների դիմել են շատ խոշոր ու ազդեցիկ անհատներ՝ Կլեոպատրան, Մարկ Անտոնիուսը, նաև քաղաքական գործիչներ, որոնք կամովին զրկել են իրենց սնվելուց: Ինքնասպանության են դիմում կինոդերասաններ, մոդելներ, և այն ժամանակ, երբ դադարում են առաջինը լինելուց», – ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ ինքնասպանության մեկ այլ ձև է, երբ մարդը սկսում է դրսևորել դեստրուկտիվ ու ինքնազոհողության մղվող վարքագիծ՝ սկսում է չափից շատ ծխել, ավտոմեքենան վարել շատ արագ, չափից շատ աշխատում է ու իրեն ենթարկում կտտանքների:
«Հասարակության մեջ ինքնասպանությունների թիվը բավականին մեծացել է, և այդ երևույթը սկսել է երիտասարդանալ: Աշխարհում տարեկան ինքնասպանության է դիմում մոտ մեկ միլիոն մարդ, իսկ փորձերի թիվը տասնյակ անգամ մեծ է», – ասել է հոգեբանը:
Վարդանյանը շեշտել է, որ պետք է միջոցներ կիրառվեն, որպեսզի այդ ցուցանիշը քչանա կամ պահպանվի հաստատուն մակարդակի վրա:
«Եթե տարեկան յուրաքանչյուր 100.000 մարդուն ընկնում է մինչև 10 ինքնասպանություն, ապա համարվում է , որ ինքնասպանության ցուցանիշը ցածր է, եթե մինչև 20, ապա ցուցանիշը համարվում է միջին մակարդակի, իսկ 20-ից բարձր, ապա նշանակում է, որ ինքնասպանության ցուցանիշը շատ բարձր է», – նշել է Վարդանյանը:
Նա ընդգծել է, թե մեզ մոտ հաճախ առաջանում է այն միտքը, որ ինքնասպանությունները առաջանում են պահի տակ, և դա ունի զուտ հոգեբանական հիմնավորում, որոշները գտնում են, որ կա սոցիալական դրսևորում:
«Կան ինքնասպանությունների բազմաթիվ պատճառներ: Դրանցից մեկը անթրոպոլոգիական դրսևորումն է՝ գտնում են, որ մարդում մոտ կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ կան, որոնք նպաստում են դրանց քանակի մեծացմանը: Ժամանակի ընթացքում այս տեսությունը հերքվեց: Կա գենետիկական մոտեցման տեսությունը՝ պարզվել է, որ մեր օրգանիզմում կան 6 գեներ, որոնք պայմանավորված են ինքնասպանության նկատմամբ հակվածությամբ: Կա նաև մոլեկուլային ազդեցությունը՝ մեր գլխուղեղում կան նյութեր՝ մասնավորապես միջնորդանյութ սերոտոնինի պակասումը բերում է դեպրեսիայի, որը նախասուիցիդալ երևույթ է, որը հանգեցնում է ինքնասպանությունների», – ասել է հոգեբանը՝ հավելելով, որ ինքնասպանության են գնում հաճախ այնպիսի մարդիկ, որոնք կորցրել են կյանքի իմաստը:
«Ինքնասպանությունը չի ճանաչում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ ցենզ, ոչ մասնագիտություն, այն ուրվական է, այն կարող է մտնել ցանկացած մարդու տուն՝ հետևապես, որպեսզի այն չմտնի մեր տուն, պետք է ադ երևույթը հասկանանք ու ունենանք պաշտպանական մեխանիզմներ, որի միջոցով մենք կարողանանք այդ երևույթի դեմ դիմակայել» – ասել է Վարդանյանը: