Home / Տեսանյութեր / Առցանց «Ավտոդպրոցը» բացվեց Հայաստանում

Առցանց «Ավտոդպրոցը» բացվեց Հայաստանում

«Dasaran.am» կրթական ծրագրի շրջանակներում այսօր՝ հուլիսի 10-ին, տեղի ունեցավ «Ավտոդպրոց» ծրագրի շնորհանդեսը: Այն նպատակ ունի բարձրացնել դպրոցականների, նրանց ծնողների, ինչպես նաև գործող վարորդների՝ երթևեկության կանոնների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

Առցանց «ավտոդպրոցը» հասանելի է ոչ միայն «Dasaran.am»-ում գրանցված բաժանորդներին, այլև յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է ինտերնետի միջոցով սովորել երթևեկության կանոնները:

«Ավտոդպրոց»-ի շնորհիվ ներկայիս և ապագա բազմաթիվ վարորդներ կտիրապետեն ճանապարհային երթևեկության կանոններին, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:

Նշենք, որ նշված նախագիծը կյանքի կոչվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ:

Dasaran.am կրթական ծրագիրը գործում է 2009 թվականից: Այն հասանելի է Երևանի և մարզերի 345 դպրոցներում: Ավելի վաղ՝ 2011թ. օգոստոսին,  «Dasaran.am» կրթական ծրագրի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր, որի համաձայն` ծրագիրն ստացել է պետական հովանավորություն, դարձել պարտադիր առաջին փուլում Երևանի, ապա` ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար, իսկ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի՝ նախկինում վճարովի ծառայություններն դարձան անվճար:

Ծրագրի նպատակն է դյուրացնել  ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ և բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը: