Home / Հայաստան / Ոստիկանությունը համոզված չէ, որ Վահե Ավետյանը մահացել է ծեծի հետևանքով. Հայրապետյանն էլ կասկածյալ չի լինի

Ոստիկանությունը համոզված չէ, որ Վահե Ավետյանը մահացել է ծեծի հետևանքով. Հայրապետյանն էլ կասկածյալ չի լինի

«Հարսնաքար» ռեստորանում 4 բժիշկների դաժան ծեծի փաստի առթիվ  հարուցված  գործի շրջանակներում կալանավորվել են ռեստորանի 6 աշխատակիցներ, նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2 մասի 1 և 6 կետերով, այն է՝ մի խումբ մարդկանց կողմից ծանր վնասվածք պատճառել, որը ենթադրում է 5-10 տարվա ազատազրկում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ոստիկանության քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի վարչության պետ Արսեն Այվազյանը:

Նրա խոսքով՝ մեղադրանքը կարող է վերաորակվել նույն հոդվածի 14-րդ մասով, այն է՝ ծանր ծեծի ենթարկել, որը հանգեցրել է մահվան, այն դեպքում, եթե  ընթացող փորձաքննությունը ապացուցի, որ Վահե Ավետյանի մահվան պատճառը տվյալ ծեծն է եղել, ինչը, ըստ Այվազյանի, դեռ միայն վարկած է:

«Ձերբակալվածները «Հարսնաքար» ռեստորանի աշխատակիցներ են և ոչ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: Ուղղակի նրանցից ոմանք մի քանի անգամ Հայրապետյանին միջոցառումների ժամանակ ուղեկցել են»,- ասել է Այվազյանը:

Նախաքննական մարմնի ներկայացուցիչը նշել է, որ հուլիսի 6-ին որպես վկա հարցաքննվել է Ռուբեն Հայրապետյանը: Այվազյանը բացառել է Հայրապետյանին որպես կասկածյալ հարցաքննելու պահանջի իրականացումը՝ պատճառաբանելով, որ, ըստ քննության արդյունքում ստացված նյութերի, այն է` ըստ Հայրապետյանի ռեստորանի աշխատակիցների ցուցմունքների, հունիսի 17-ին` ժամը 19:30-ի սահմաններում, սեփականատերը եղել է «Հարսնաքարում», մնացել մոտ կես ժամ ու գնացել ֆուտբոլի ակադեմիա, այսինքն` հանցագործության պահին չի եղել դեպքի վայրում:

Հարցին, թե այդ վարկածի ապացույցներ կա՞ն, օրինակ, տեսաձայնագրություն, լուսանկար, Այվազյանը պատասխանել է՝ ոչ, քանի որ ռեստորանի տեսախցիկները տեսադիտարկող են և չեն նկարահանել տեղի ունեցածը,  կամ այդպիսի ձայնագրությունը անհետացել է:

Այվազյանը ասել է, որ քննչական մարմինը դիմել է դատարան` ստանալու համար մեղադրյալների հեռախոսային զանգերի ձայնագրությունները, սակայն այդ գործընթացը երկար է տևելու, և ձայնագրությունները դեռ չկան: