Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության ավագ քննիչ Արտյոմ Գրիգորյանի մոտ էր այսօր հրավիրվել Aravot.am-ի, «Առավոտ» թերթի լրագրող, իրավական էջի պատասխանատու Ռուզան Մինասյանը: Քննիչը տեղեկացրել է, որ լրագրողը ԱԱԾ է հրավիրվել Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով: Ինչպես Aravot.am-ն է տեղեկացրել, Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով մեկ այլ դատապարտյալի՝ ներկայումս «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:
Լրագրողին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները: Երբ Ռուզան Մինասյանն իմացել է, որ հարցաքննության է կանչվել Սամվել Հովհաննիսյանի գործով, հրավիրել է որպես վկա իր ներկայացուցչին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նարինե Ռշտունուն:
Նարինե Ռշտունու ներկայությամբ նա հարցաքննվել է, որը տևել է 4 ժամ: Ռուզան Մինասյանից և փաստաբանից քննիչը վերցրել է ստորագրություն՝ այս գործով նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին:
Այնուհանդերձ, լրագրողը հարցաքննվել է ՔԿՀ վարչության նախկին պետի հետ ունեցած հեռախոսազրույցների, ունեցած շփումների մասին:
Ռուզան Մինասյանը դեռ 2006թ-ին առնչվել է 12 տարի ազատազրկման դատապարտված Ջամալ Սլոյանի գործին: «Առավոտի» 2006թ. հունիսի 30-ին «Սպանություն՝ շահադիտական շարժառիթով» հրապարակմամբ, Ռուզան Մինասյանը ներկայացրել էր նույն թվականի ապրիլի 20-ին Մոսկվայի Կեչերսկայա 15 ա հասցեում գտնվող շուկայում, 48-ամյա ազատամարտիկ, Հայաստանի քաղաքացի, ոստիկանության օպերատիվ աշխատակից, կապիտան, 3 երեխաների հայր Ահմադ Շարոյանի դանակահարությունը եւ սպանությունը: Քննիչը նաեւ հարցեր է տվել այս հրապարակման հետ կապված:
Լուսանկարը՝ Ռուզան Մինասյանի Facebook-ի էջից