Եզդիների «Սինջար» ազգային միավորումը 300 ստորագրություններով դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ եզդի հայտնի գործիչ Ջանգիր աղայի աճյունը Ստավրոպոլի երկրամասից Հայաստան տեղափոխելու ու վերահուղարկավորելու խնդրանքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է միավորման առաջնորդ Բորիս Թամոյանը:
«Քանի որ ինքը կռվել ու գործել է և՛ եզդիների և՛ հայ ժողովրդի համար, այնուհետ մահացել է աքսորում, ուստի գտնում ենք, որ նրա մարմինը պետք է վերջին հանգիստը գտնի Հայաստանում», – նշել է Թամոյանը:
Նա նաև խոսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ մեկ այլ համագործակցության մասին:
«Ունենք մեկ այլ նախաձեռնություն, ինչի մասին բաց նամակով դիմել ենք քաղաքապետին՝ Երևանում ունենալ Ջանգիր աղայի անունով փողոց: Մի քիչ ուշացումով, բայց շատ կարևոր է արժանին մատուցել նրա հիշատակին: Ցանկալի կլիներ, որպեսզի ունենայինք նրա անունով փողոց: Խոսքը Մաշտոցի պողոտայի մասին չէ և ոչ էլ այն փողոցների, որտեղով, բացի թափառական շներից, ոչ ոք չի անցնում: Երևանում մի շարք փողոցներ կան, որոնք կրում են օտար գործիչների անուններ, ուստի կարելի է մտածել այս ուղղությամբ», – ասել է Թամոյանը: