Վերջին առնվազն 7-8 ամիսների ընթացքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը աստիճանաբար բարձրացել է, բայց ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնացել է անփոփոխ, ինչն առաջին հայացքից տարօրինակ է, գրում է «Հայկական ժամանակը»՝ նշելով. «Կամ` ներքին սպառողի համար գազի սակագինը չբարձրացնելը պայմանավորված է եղել զուտ ներքաղաքական` պոպուլիստական դրդապատճառներով, կամ էլ` գործող սակագինը խիստ ուռճացված է եղել, և սպառողներին պարզապես թալանել են»:
«ՀՀ գործող կառավարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Պատմությունը խայտառակ է այնքանով, որ բռնվել է հերթական սուտը, որը շրջանառության մեջ է ամիսներ շարունակ:
Խոսքը Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին է: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում: Բայց պետք է որ հերքեին, ընդ որում` իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ` «հիվանդագին երևակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել», «իրականությունը միայն սև գույներով…» տիպի բառակապակցություններով: Բայց ոչ մի հերքում չկա: Ավելին՝ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, գազի գնի բարձրացման շուրջ մեկնաբանությունների փոխարեն, ԶԼՄ-ներին ասել է. «Բանակցությունները շարունակվում են»: Այս պատասխանից պարզ չի դաոնում` ի վերջո գազի գինը բարձրացե՞լ է, թե` ոչ: Այս իրավիճակում ամենակարևորն այն չէ` գազի գինը բարձրացել է, թե` ոչ: Ամենակարևորն այն է, որ գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում: Ընդ որում` ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ փաստերով ապացուցվում է, որ գազի գինն իրոք բարձրացել է», – գրում է թերթը: