«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը ողջունում է ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն») Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությունը: Այս մասին ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
«ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում միանալ նախաձեռնությանը: Համարում ենք, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն «Հարսնաքարի» գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի և անձեռնմխելիության պահպանմանը», – նշում են հայտարարության հեղինակները:
Նրանք նաև ընդգծում են, որ վաղը ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, և նախաձեռնությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին ժամը 13:00-ին մասնակցել խորհրդարանի շենքի մոտ կայանալիք ակցիային: