«Եղնիկներ» զորամասի զինծառայող Նարեկ Ավետիսյանին աչքից զրկած ենթասպա Արմեն Թովմասյանի դատավճռի մասին Նարեկի հայրը տեղեկացել է հարազատներից ու մտերիմներից, և միայն դրանից հետո ռադիոյով լսել, որ ենթասպան 3 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել: Այս մասին Անդրանիկ Ավետիսյանն այսօր ասել է Epress.am-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Թովմասյանի հարվածի հետևանքով թափել է Նարեկ Ավետիսյանի աչքը, և ենթասպան մեղադրվել էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, ինչը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 7 տարի ժամկետով: Թովմասյանը, փաստորեն, նվազագույնին մոտ ժամկետ է ստացել:
Նարեկի հայրը խիստ դժգոհել է դատավարությունից` նշելով, որ անգամ վերջին դատական նիստին մասնակցելու ծանուցում իրեն չեն ուղարկել:
«Ասենք, ամսի 5-ին պետք է դատ լինի, ամսի 25-ին նոր դատական նիստի մասնակցելու ծանուցում են ուղարկել: Վերջին դատական նիստի մասին անգամ չեմ էլ իմացել: Ի՞նչ է, հո ես միլիոնատեր չե՞մ, որ ամեն անգամ 50.000-60.000 դրամ անիմաստ ծախսեմ Ղարաբաղ գնալ-գալու վրա: Երկու անգամ գնացի ու վերջ, ես աշխատեմ` իմ երեխուն պահե՞մ, թե՞ ծախսեմ Ղարաբաղի ճամփեքին: Այ, էս տեսակ հաբռգած են, բա սա երկիր ա՞: Եթե ես պատահմամբ փողոցում ճանճ սպանեի, ինձ ցմահ կբանտարկեին, էսօր երեխուս աչքը հանել-ուղարկել են, 3 տարի 6 ամիս են տվել: Ո՞վ չգիտի, որ ղարաբաղցի ա, դրա համար էլ էսքան մեղմ են վարվել, վախենում են ղարաբաղցիներից, նրանց արյունը կարմիր ա: Քանի մենք հանդուրժում ենք այս ամենը, ուրեմն նման դեպքերը միշտ էլ մնալու են անպատիժ: Սա մենակ մեր երեխու գլխով չէ, շատերն են իրենց կաշվի վրա զգալու իմ ցավը», – բողոքել է Ավետիսյանը:
Նա հավելել է, որ այլ ատյաններում դատավճիռը բողոքարկել չի պատրաստվում:
«Ճիշտն ասած՝ արդեն զզվել ու հոգնել եմ, լրիվ կշտացել եմ, ինձ արդեն չի հետաքրքրում, ուզում են, թող հենց էսօր էլ բաց թողնեն», – եզրափակել է Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Ավետիսյանի դեպքը տեղի էր ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 14-ին, երբ ճաշարանի պետ Արմեն Թովմասյանը շղթայով խփել էր Ավետիսյանին` թաթելով աչքը: Երիտասարդին նախ տարել էին Ստեփանակերտի հոսպիտալ, այնուհետև տեղափոխել Երևան:
Բժիշկները հեռացրել են Ավետիսյանի աչքը` տեղադրելով ժամանակավոր պրոտեզ, իսկ հետագայում` այս տարվա մարտի 5-ին` մշտական պրոտեզ:
«Թեև արտաքին տեսքը 100 տոկոսով չի վերականգնվել, ուղղակի չիմացող մարդու համար տարբերությունը գրեթե չի զգացվի: Ամեն ինչ նորմալ է, սակայն արհեստականն առողջ աչքին չի փոխարինի՝ այն տարբեր լուսավորության տակ տարբեր է: Տրամադրության անկման ժամանակ առողջ աչքը կարող է լարվել , կարմրել, իսկ արհեստականը՝ ոչ: Նարեկի պարագայում, քանի որ կոպը վնասված է և լիարժեք չի թարթվում, ուստի մեկ տարի կամ տարի երկու ամիս անց, նաև կախված առողջական վիճակից, խնամքից, արտաքին վնասվածքներից, պրոթեզը ենթարկվելու է փոփոխության: Պրոթեզը պետք է թարմացվի 1,5 տարին մեկ անգամ», – վիրահատությունից անմիջապես հետո Epress.am-ի հետ զրույցում ասել էր Նարեկ Ավետիսյանի բժիշկ Գագիկ Գասպարյանը: