ԱԺ 4 խմբակցությունների որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն առաջիկայում հարցաշար է ուղարկելու իրավապահ մարմիններին` «Հարսնաքարի» գործով: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Աշխատանքային խմբում յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկված է մեկական ներկայացուցիչ, ՀԱԿ-ից ընդգրկված է Գագիկ Ջհանգիրյանը: Հարցաշարը կստորագրվի ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների կողմից և կուղարկվի իրավապահ մարմիններին: Ըստ պատասխանների մենք արդեն կգնահատենք «Հարսնաքարի» գործով քննության թափանցիկությունը, լրջությունը և ամբողջական բացահայտման հնարավորությունը, ըստ դրա էլ արդեն մեր համատեղ քայլերը կկառուցենք»,- ասել է Զուրաբյանը:
Մինչ այդ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մերժել էր 4 խմբակցությունների առաջարկը` ԱԺ-ում կազմակերպել հանդիպում «Հարսնաքարի» գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Ըստ Զուրաբյանի` «Հարսնաքարի» հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը մնում է օրակարգում: «Բնական է, եթե այս պահին 44 ստորագրություն ունենայինք, անմիջապես կգնայինք այդ քայլին»,- ասել է նա: