2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործում բացակայում է գործով անցնող կարևոր վկա Արման Մնացականյանի և մեղադրյալ Հակոբ Մանուկյանի առերեսման արձանագրությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Խոսելով հուլիսի 10-ին և 11-ին կայացած դատերի մասին` տիկին Հովհաննիսյանն ասել է, որ դատավարությանը հարցաքննվում էր ամենագլխավոր մեղադրյալը` Հակոբ Մանուկյանը, որի նկատմամբ առաջադրված է մի քանի հոդված:
«Ու, կարծես թե, նույն հնարովի վերսիայի առաջ տանելու փորձերն են, բայց ասեմ, որ մի քանի բան Հակոբ Մանուկյանը բերանից թռցրեց: Այն, որ առերեսում անելուց Արման Մնացականյանի հետ նա ասել է, որ վերջինս է կրակել Արտակ Նազարյանի վրա: Հետո Մնացականյանին դուրս են հանել, բայց այդ առերեսման արձանագրությունը գործում չկա: Այսինքն` ամբողջ գործը գնացել է բազարի ձևով՝ «Դու ես սպանել՝ գրի, որ դու ես սպանել: Դու չես սպանել` գրի՝ էս ինչն է սպանել»: Հերթով բոլորի վրա փորձել են սպանություն դնեն: Այսինքն, սկսելով սպանությունից, իրենք ապահովել են իրենց էդ բիզնեսը, ես էդպես եմ համարում: Իրենք ապահովել են էն կաշառք գումարը, որը իրենց պետք է, որովհետև սպանությունը ամենածանր հոդվածն է, իսկ ինքնասպանության դրդումը` համեմատաբար ավելի մեղմ: Եթե չլինեին այդ ամբողջ մարմնական վնասվածքները, ոչ էլ կլիներ ինքնասպանության դրդում, կլիներ ինքնասպանություն: Բայց քանի որ կան խոշտանգումներ մահից անմիջապես առաջ, թեպետ դրա մասին, թե նախաքննական մարմինը, թե ցուցմունք տվող վկաները, թե մեղադրյալները համառորեն լռեցին, որովհետև հրահանգը այդպիսիսն էր՝ չպիտի բացահայտվի սպանությունը, դա ակնհայտ երևում է»,- ասել է Հասմիկ Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ երեկ քննարկվել են երեք մեղադրյալ զինվորների փաստաբան Ալվարդ Մնացականյանի միջնորդությունները, որ մեղադրյալներից Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի խափանման միջոցը փոխվի մինչև դատավարության ավարտը, որը, սակայն, դատավորը մերժել է:
Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 17-ին, ժամը 14.30-ին: