Պատգամավորները չեն ապրում 250-300 հազար աշխատավարձով, և նոր ստեղծված Էթիկայի հանձնաժողովը աշխատելու է շատ ծանրաբեռնված և նպատակ է ունենալու գոնե ԱԺ-ում ապահովել էթիկայի նորմերի պահպանումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հանձնաժողովի թերություններն առանձնացնելով՝ Մինասյանը նշել է 3 դրույթ:
Առաջին՝ Հանձնաժողովի նախագահի և փոխնախագահի պաշտոնները կարող են զբաղեցնել միայն ամենամեծ իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներ:
Երկրորդ՝ ոչ պետական մարմիններից տեղեկութոյւններ ստանալու համար հանձնաժողովը պետք է ունենա դատարանի միջնորդություն:
Երրորդ՝ չկան իրավական հետևանքների հնարավորություն, այսինքն՝ էթիկայի նորմերը խախտած պատգամավորները, օրինակ, ուրիշի փոխարեն քվեարկած կամ քվեարկությունը կեղծած, վարչական կամ քրեական պատասխանավության չեն ենթարկվում:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ դրական կողմն այն է, որ էթիկայի հանձնաժողով կարող է դիմել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ:
Կան սահմնանափակումներ նաև շահերի բախման հետ կապված: Օրինակ, պատգամավորը չի կարող քվեարկել 2-րդ աստիճանի (պատգամավորի և նրա կնոջ երեխա, քույր, եղբայր, ծնող) հարազատի բիզնեսներին առնչվող օրինագծերի ժամանակ: