«Հարսնաքարի» ողբերգությունը, որի մասին «շատ խորը գնահատական» տվեց Ռուբեն Հայրապետյանը, առանձին քաղաքական ուժեր դարձնում են շահարկումների առարկա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:
Վահե Ավետյանի հուղարկավորության, ակցիաների ժամանակ տեսնելով հայտնի դեմքերին՝ Գեղամյանը հիշել է Պողոս Պողոսյանի սպանությունը. «Չգիտես ինչու, նրա թաղմանը ոչ ոք այդ քաղաքական ուժերի լիդերներից չգնաց ու մոխիր չլցրեց իր գլխին: Ավաղ, քաղաքականացվում է ողբերգությունը: Հասարակ տեխնոլոգիաներ են, ուղղակի զարհուրում ես, թե ինչպես կարելի է դրա վրա դիվիդենդ շահել: Երբ քաղաքական առումով հանրությանը նոր միտք, նոր ծրագիր ասելու չունեն, հարկադրված են նման ստոր գործարքների դիմել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուն, Ռուբեն Հայրապետյանը շատ բարձր տղա է, շատ բարձր մարդկային հատկանիշներ ունեցող մարդ է, և հիմա չորս կողմից հարձակումներ են գործում, ուզում են գնալ իր օջախի վրա պիկետ անել: Ամեն ինչ կպարզվի, կպարզվեն այն ստորները, որոնք այս ամենը հրահրել են: Ես համերաշխությունս եմ հայտնում Ռուբեն Հայրապետյանին ու ցավակցութունս՝ Վահե Ավետյանի ընտանիքին», – Գեղամյանի խոսքերն է փոխանցում aravot.am-ը:
Հարցին` ինչո՞ւ ինքն անձամբ չգնաց Վահե Ավետյանի հուղարկավորությանը, նա պատասխանել է. «Ցավով եմ ասում, ես անձամբ ծանոթ չէի, չեմ կարծում, որ իմ մասնակցությունը կլիներ անկեղծ: Վիշտը բոլորինս է, բայց շահարկումներ անել հերթական անգամ հեռուստացույցի առջև երևալու, ողբալի դեմքով երկու քայլ անելու ու կես ժամ հետո վետերոկում պիվա խմելու՝ դա իմ ձևը չէ»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե Շուշան Պետրոսյանի ամուսնու պե՞ս կվարվեիք՝ կսատկացնեի՞ք՝ նա պատասխանեց. «Իմ բանավոր խոսքը շատ ավելի տապալիչ ազդեցություն է ունենում, քան ֆիզիկական հնարավորություններս»: